Մեծ Բրիտանիայում բեռնատարում հայտնաբերված 39 մահացած մարդիկ ոչ թե Չինաստանի, այլ Վիետնամի քաղաքացիներ են եղել. լրատվամիջոցներ
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հերքել է լուրերն այն մասին, թե թագավորության տարածքում բեռնատարում հայտնաբերված 39 մահացած մարդիկ Չինաստանի քաղաքացիներ են եղել, գրում է lenta.ru-ն՝ Associated Press-ին հղումով:
Անգլիայի Էսսեքս կոմսության ոստիկանության պետի օգնական Թիմ Սմիթը պատմել է, որ բեռնատարում հայտնաբերված մարդիկ վիետնամցիներ են եղել: Նա հավելել է, որ ոստիկանությունը գտել է զոհերից մի քանիսի հարազատներին և կապվել Վիետնամի կառավարության հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ բեռնատարում հայտնաբերված մարդիկ Չինաստանի քաղաքացիներ են եղել:
39 դիերով բեռնատարը հայտնաբերվել էր Գրեյս քաղաքի արդյունաբերական գոտում՝ հոկտեմբերի 23-ին: Ոստիկանությունում կարծում են, որ այդ մարդկանցով կոնտեյները Մեծ Բրիտանիայի տարածք է ժամանել Զեբրյուգե բելգիական նավահանգստային քաղաքից:
Հոկտեմբերի 25-ին ձերբակալվել էին 38-ամյա տղամարդ ու կին՝ մարդկանց առևտրի և ոչ կանխամտածված սպանության մեղադրանքով:









