Շրի Լանկայում փիղը սատկել է զբոսաշրջիկներին անվերջ ման տալուց առաջացած հոգնածությունից. կենդանապաշտպաններն անհանգստացած են (լուսանկարներ, տեսանյութ)
Շրի Լանկայում փիղը սատկել է զբոսաշրջիկներին անվերջ ման տալուց առաջացած հոգնածությունից, գրում է Daily Mail-ը: Կենդանուն ստիպել են տապին ման տալ նման «զվարճանքի» սիրահարներին:
Համացանցում է հայտնվել սատկած կենդանու տեսանյութը, որում Կանակոտա անունով 18-ամյա փիղը պառկած է գետնին:
Կենդանապաշտպանների տվյալների համաձայն՝ փիղը սատկելուց առաջ արդեն զբոսաշրջիկների երեք խումբ էր ման տվել: Նշվում է, որ փղին մինչև վերջին պահը նրան ուղեկցող տղամարդը հարվածել է մետաղական հատուկ ձողով, որն օգտագործում են կենդանիներին վերահսկելու համար:
Իսկ դրա նախօրեին էլ Կանակոտան մասնակցել է փղերի շքերթին: Նման շքերթների ժամանակ կենդանիներին հագցնում են գունագեղ հանդերձանքներ ու ծանրություններ դնում վրաները՝ ստիպելով այդպես քայլել փողոցներով: Դրանից հետո փղերին ետ են բերում ու ստիպում զբոսաշրջիկներին ման տալ:
Կենդանապաշտպանները նշում են, որ քանի դեռ զբոսաշրջիկները չեն գիտակցում՝ ինչով է վտանգավոր նման «զվարճանքը» և շարունակում են զվարճանալ, փղերն ու այլ կենդանիներ կշարունակեն սատկել:
Նշվում է, որ Ասիայում մոտ 3000 փիղ է օգտագործվում զվարճանքների ոլորտում, նրանց 77%-ը դաժան վերաբերմունքի է արժանանում:












