Մալայզիան Եվրոպային սպառնացել է ռուսական ինքնաթիռներ գնել

16:39 • 02.11.19

Մալայզիայի վարչապետ Մահաթհար Մոհամադը հայտարարել է, որ Եվրամիության կողմից մալազիական արմավենու յուղի գնումից խուսափելու դեպքում Մալազիան կհրաժարվի եվրոպական օդանավերի գնումից՝ փոխարենը ձեռք բերելով ռուսականը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով ТАСС-ին:

«Եթե դուք նվազեցնում կամ արգելում եք արմավենու յուղի ներմուծումը, մենք նույնպես քայլեր կձեռնարկենք և չենք գնի ձեր ապրանքը: Մենք կգնենք ռուսական ինքնաթիռներ, այլ ոչ՝ եվրոպականը»,- հայտարարել է Մոհամադը:

Այս մասին Մալայզիայի կառավարության ղեկավարը խոսել է Հարավ Արևելյան Ասիայի երկրների միության ներդրումային գագաթնաժողովի ժամանակ: Մոհամադը նաև տարածաշրջանի երկրներին կոչ է արել միևնույն կոշտ դիրքորոշումն ընդունել Եվրոպայի հանդեպ:

Եվրամիության՝ արմավենու յուղի ներմուծման հավանական արգելքի մասին հայտնի է դարձել նախորդ տարվա սկզբին, երբ Եվրախորհրդարանը այս գաղափարը ներառել է էներգետիկ շուկայի բարեփոխումների փաթեթի մեջ: Մալազիան Ինդոնեզիայի հետո աշխարհում արմավենու յուղի երկրորդ արտահանողն է:

Ավելի վաղ՝ հոկտեմբեր ամսին, ռուս-մալազիական տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության հարցերով հանձնախումբը քննարկել է Մալայզիայի՝ Ռուսաստանից МиГ-35 և Як-130 ինքնաթիռների գնման հարցը: