Հոնկոնգում բողոքի ցույցերի ժամանակ 17 մարդ է տուժել, մեկի վիճակը ծանր է
Հոնկոնգում շաբաթ տեղի ունեցած հակակառավարական զանգվածային ցույցերի ընթացքում, որոնք վերածվել են անկարգությունների, առնվազն 17 մարդ է վիրավորվել: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է RTHK-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանցից մեկի վիճակը գնահատվել է ծանր: Մի քանի ցուցարարներ արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:
Նշվում է, որ շաբաթ Հոնկոնգի ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ և ջրցան է կիրառել՝ ցրելու չատոնված ցույցի մասնակիցներին:
Անկարգությունները սկսվել են Վիկտորիա զբոսայգում, այնուհետև շարունակվել հարևան թաղամասերում: Հարյուրավոր դիմակավորված ցուցարարներ փորձել են արգելափակել ճանապարհները, քարեր և շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ:
Հիշեցնենք, որ բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել էին հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման պատճառով: Եթե փոփոխություններն ընդունվեն, ապա դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:
Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի չինովնիկներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին: Օրենքի ընդունումը ժամանակավորապես կասեցվել է Հոնկոնգի իշխանությունների կողմից:









