Ինչպես ձեր կուսակցության ղեկավարն է ասում՝ «հանգիստ վեր ընկեք տեղներդ»․ ԲՀԿ փորձագետը՝ ԱԺ նախագահի օգնականին

17:07 • 13.11.19

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության փորձագետ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ պատասխանելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանի գրառմանը։

«Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին մի խորհուրդ տամ.

Ինչպես ձեր կուսակցության ղեկավարն է ասում. «Հանգիստ վեր ընկեք տեղներդ», դու կոնկրետ քաղաքական ուժերին խորհուրդ տալուց առաջ պետք է հիշես, որ շատ փոքր ես բառի թե բուն, թե փոխաբերական իմաստներով:

Ավելի լավ է քո` օրենքով սահմանված պարտականությունները սովորես և դրանց շրջանակներում օգնես վերադասիդ, այլ ոչ թե խառնվես «մեծերի» գործերին, նամանավանդ, որ հաճախ ոտքի տակ ընկնելու սեր ունես»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վահան Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Այս քառօրյայի ընթացքում քննարկվելու է նաև «օրենքով գողերի մասին օրենքը»։ Հույս ունեմ՝ ԲՀԿ-ն այսօրվանից դասեր կքաղի կատոկի տակ կրկին չընկնելու համար»։