Եթե մադրիդյան սկզբունքները հարցի լուծման ճանապարհն են, ուզում ենք հասկանալ այն ուր է հասցնելու, որ նախապես իմանանք՝ այդ ճանապարհով գնո՞ւմ ենք, թե ոչ. վարչապետ (տեսանյութ)

17:43 • 13.11.19

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մադրիդյան սկզբունքների վերաբերյալ: Նա ասաց, որ Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության հետ հանդիպումից հետո, կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ մադրիդյան սկզբունքների նկատմամբ հետաքրքություն չկա: «Եթե փաստաթղթի նկատմամբ մենք հետաքրքություն չունենք, կա՞ միջնորդների կողմից մտադրություն, նոր փաթստաթուղթ առաջ բերելու»,- հետաքրքրվեց Արման Բաբաջանյանը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ մի փոքր թյուրըմբռնում կա, որովհետև այդ օրը ինքը նոր բան չի ասել, քան ասել է հրապարակային 2019-ի մարտի 12-ին Ստեփանակերտում Արցախի և Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում: «Ես ասել էի, որ քանի դեռ մադրիդյան սկզբունքների բոլոր պարամետրերը մեզ համար թափանցիկ չեն, մեզ համար դժվար է ասել՝ դա ընդունո՞ւմ ենք որպես բանակցային գործընթացի հիմք, թե՞ չենք ընդունում»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մադրիդյան սկզբունքները, եթե հարցի լուծման ճանապարհն են, ապա Հայաստանն ուզում է հասկանալ այդ ճանապարհն ինչ հնարավոր տեղ կարող է հասցնել, որպեսզի նախապես իմանանք՝ այդ ճանապարհով գնո՞ւմ ենք, թե ՞չէ:  «Այդ հանդիպման ժամանակ բերել եմ հետևյալ օրինակը. ասել եմ՝ նույն ճանապարհով կարելի է գնալ Սևան, Գավառ, Դիլիջան, Վարդենիս և Իջևան: Հիմա մենք ասում ենք՝ այս ճանապարհով կարելի է գնալ այս քաղաքները, բայց եթե պարզվի, օրինակ, մեր նպատակը Արմավիր գնալն է, մենք այս չպետք է ճանապարհով գնանք, որովհետև այդ ճանապարհի կածաններով ոնց էլ պտտվենք Արմավիր չենք հասնելու, բայց մեզ պետք է , որ գնանք Արմավիր»,- օրինակ բերեց վարչապետը:

Նա ասաց, որ մեր ցանկությունն այն է, որ պարզենք, թե մադրիդյան սկզբունքները, որտեղ են տանում. «Հասկանանք, որ այս իրավիճակն է ու գնանք առաջ, եթե հասկանանք այս իրավիճակն է, մինչև Գավառի խաչմերուկ, որը նույն ճանապարհով ենք գնալու, գալիս ենք, բայց եթե պարզվեց, որ մեզնից մեկն ուզում է գնա Գյումրի, մեկը Արմավիր, մեկը Արտաշատ, դա նշանակում է, որ պռոբլեմ կա էդ մադրիդյան սկզբունքների հետ կապված, իսկ մենք չենք ուզում, որ բանակցային գործընթացում և ընդհանրապես մեր հարաբերութուններում որևէ մեկին խաբենք»,- շեշտեց նա:

Այս հարցի պատասխանից հետո, Բաբաջանյանն արձագանքի փոխարեն Փաշինյանին ուղղեց երկրորդ հարցը: Նա նշեց, թե քանի որ այժմ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններն աննախադեպ են ռազմավարական առումով, հնարավո՞ր է արդյոք ինչ-որ մի պահի առաջարկ արվի Երևանին և Անկարային սկսելու հայ-թուրքական ինչ-որ գործընթաց:

«Դուք ունե՞ք այդպիսի առաջարկ արդեն Ձեր սեղանին, արդյո՞ք պատկերացնում եք այդպիսի գործընթացի մեկնարկ Ռուսաստանի միջնորդությամբ»,- հարցրեց Բաբաջանյանը:

Վարչապետն ասաց, որ հարցին այլաբանորեն՝ Սևանի օրինակով կպատասխանի: «Եթե ամիսը փետրվարն է և ինչ-որ մեկը առաջարկի՝ եկեք գնանք Սևանում լողալու, այդ առաջարկն այդքան էլ տրամաբանական չի լինի, եթե ամիսը հուլիսն, և ինչ-որ մեկն ասի՝ եկեք գնանք Սևանում լողալու, դրա մեջ կլինի տրամաբանություն: Հիմա տարածաշրջանային իրավիճակը և մթնոլորտը ցույց է տալիս, որ այդտեղ փետրվարն է և պետք չէ իրերը հավաքել և գնալ լողալու, որովհետև կարող է մրսենք և թոքաբորբ ստանանք դրանից բխող բոլոր հետևանքներով, ինչը մեկ անգամ արդեն տեղի է ունեցել»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ միշտ չէ, որ Սևանում լողալը լավ բան է. «Պետք չէ, հենց մեկն ասում է՝ եկեք գնանք լողալու, «վեշերը» հավաքել ու գնալ, պետք է նայել դրսում ինչ աստիճան է, ըստ այդմ կողմնորոշվել և օրացույցին էլ նայել»,- ասաց նա: