Այգեստանցիները յոթ օր չեն օգտվել իրենց տրամադրված ջրից. ասել են՝ ջրի պահանջ չկա. «Արտաշատ» ՋՕԸ-ի տնօրեն
Ջուրը Ազատ գետով հոսում է, ոչ թե 5, այլ 1-2 օր, այգեստանցիներն իրենք չեն ցանկացել օգտվել ջրի տրամադրման տասնօրյակից․ այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Արտաշատ» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Ֆրունզիկ Մարգարյանը՝ անդրադառնալով Այգեստան գյուղի բնակիչների բողոքին, թե ջուրը հոսում է դեպի Թուրքիա, իսկ իրենց այգիներն առանց ոռոգման են մնացել։
Նա նշեց, որ համայնքի ջրի պահանջարկը որոշվում է տասնօրյակի համար՝ տեղամասի պետի ներկայացրած ջրապահանջարկի հայտով: Այգեստան համայնքը տասնօրյակի համար հայտ է ներկայացրել, որ ջուր ստանա, սակայն տասնօրյակը չլրացած՝ 3 օր օգտվելուց հետո, տեղամասի պետը զեկուցել է, որ ջրօգտագործողների կողմից պահանջարկը սպառվել է:
Նա նաև նշեց, որ «Ջրառ» ՓԲԸ-ն ջրամբարում և Արտաշատ ջրանցքում վերանորոգման աշխատանքներ են կատարում:
Այգեստան համայնքը տարվա ընթացքում ձևավորել է 16 մլն 870 հազար դրամի հասույթ, որից վճարել են միայն 10 մլն 500 հազար դրամը: Հետևաբար, ՋՕԸ-ի կողմից ջրամատակարարման խնդիր չի եղել՝ ջուրը մատակարարվել է ըստ անհրաժեշտության: «Ոռոգման ջուրը հնարավոր չէ անվճար տրամադրել»,- նշեց տնօրենը:
Մարգարյանի պնդմամբ՝ անհասկանալի է գյուղացիների բողոքը. «Ասում են՝ ջուրն ինչո՞ւ են տվել, որ գետով գնա՝ ջրանցքով գնալու փոխարեն. ջրանցքում շինարարական աշխատանքներ են, իսկ համայնքի կողմից ջրի պահանջ չի եղել»,- ասաց նա՝ հավելելով՝ չի կարելի թողնել, որ ռոգման ջուրն անիմաստ հոսի։
Ֆրունզիկ Մարգարյանի պնդմամբ՝գյուղացիների հայտարարությունը, թե 5 օր շարունակ ջուրը գետն է թափվել, իրականությանը չի համապատասխանում։
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչները Tert.am-ին ներկայացրել էին, որ իրենց թույլ չեն տալիս օգտվել գյուղով անցնող Ազատ գետի ջրամբարից: Նրանց խոսքով՝ պատճառաբանել էին, որ անհրաժեշտ գումարը չեն մուծել: Բնակիչները նշում էին՝ ջուրն արդեն 5 օր է, ինչ թափվում է Թուրքիա:









