Ավստրալիայի պատմության մեջ աննախադեպ հրդեհներ. իշխանությունները զգուշացնում են` կործանարար հրդեհները կարող են ամիսներ տևել (լուսանկարներ)
Ավստրալիայում անտառային հրդեհներն արդեն միլիոնավոր հեկտարներ են «կուլ տվել» Նոր Հարավային Ուելսի հյուսիսային շրջանում և արդեն մոտենում են նահանգի մայրաքաղաք Սիդնեյին: Պաշտոնյաները զգուշացնում են, որ սա դեռ վատագույն սցենարը չէ, գրում է Daily Mail պարբերականը:
Իշխանությունները զգուշացրել են, որ կործանարար հրդեհները կարող են ամիսներ տևել:
Երեկ գրանցված տապը, ցածր խոնավությունը և ուժեղ քամիները միայն ուժեղացրել են կրակը: Հրդեհները Նաուրա քաղաքից արդեն հասել են Քուինսլենդի հետ սահման:
Ակնկալվում էր, որ իրավիճակը կհանդարտվի չորեքշաբթի օրը, սակայն Նոր Հարավային Ուելսի հրշեջ ծառայության հանձնակատար Շեյն Ֆիթզսիմոնսի խոսքով` բնակիչները դեռևս անտառներից ամբողջովին դուրս չեն բերվել:
Շեյն Ֆիթզսիմոնսը հորդորել է պահպանել անվտանգության բոլոր կանոնները և առավելագույնս զգոն լինել:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը, ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի երկրպագուները խնդրել են նրան օգնել Ավստրալիային՝ այնտեղ բռնկված անտառային հրդեհները մարելու հարցում:
Երկուշաբթի առավոտյան Twitter-ում հրապարակած տեսանյութում աստղը նշել է, որ «ինչ-որ յուրահատուկ» բան է պատրաստել Ավստրալիայի համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ զույգը մասնավոր թիմ էր վարձել՝ մարելու Կալիֆոռնիայում 60 միլիոն դոլար արժողությամբ իրենց առանձնատանը մոտեցող անտառային հրդեհները:


















