Նախնական պայմանավորվածություն ունենք, որ 2020-ին պաշտոնական այց կկատարեմ ՌԴ. Նիկոլ Փաշինյան
Նախնական պայմանավորվածություն ունենք, որ 2020 թվականին ես պաշտոնական այց կկատարեմ Ռուսաստանի Դաշնություն և ՌԴ նախագահը 2020թ. երկրորդ կեսին կամ 2021թ. առաջին կիսամյակում պաշտոնական այց կկատարի Հայաստան: Այս մասին այսօր Ազգային ժողովում հարց ու պատասխանի շրջանակներում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով հայ–ռուսական հարաբերությունների մասին՝ վարչապետն ասաց, որ շատ հարցերի պատասխանը նաև ժամանակով է քննվում: «Շատ հարցերի պատասխաններ ընկալելու, կշռելու, դրանց խորությունը և անկեղծությունը հասկանալու խնդիր կա նաև երկուստեք: Անցած տարի ամռանն եմ ասել, որ մեզ մոտ պրոցես է գնում, որ մեր հարաբերություններում նոր մակարդակ, նոր որակ արձանագրվի: Կարո՞ղ եմ ես ասել, որ հիմա դա արդեն արձանագրվել է, ես հիմա կարող եմ ավելի վստահ ասել, որ դա տեղի է ունենում»,- ասաց նա:
Վարչապետը նաև կարևորեց, որ Հայաստանի գործընկերներն արձանագրել են, որ Հայաստանը շատ հաջող նախագահություն ունեցավ Եվրասիական տնտեսական միությունում: «Դա հարաբերությունների այս ֆոնը, կարծում եմ, ավելի բարենպաստ դարձրեց»,-ասաց նա:









