«Ապագայի տեխնոլոգիաներ. Արհեստական բանականություն». տեղի է ունեցել Beeline-ի Starthub Offline հերթական հանդիպումը
Հայաստանում Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի համատեղ իրականացվող StartHub նախագծի շրջանակում տեղի ունեցավ հերթական Starthub Offline հանդիպում-քննարկումը։ Այն միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները քննարկումներ են անցակացնում ՏՏ ոլորտի առաջատարների հետ։
Հանդիպման խորագիրն էր՝ «Ապագայի տեխնոլոգիաներ. Արհեստական բանականություն»։ Բանախոսներն էին՝ SmartGateVC վենչուրային ֆոնդի գործընկեր և համահիմնադիր Աշոտ Արզումանյանը, SuperAnnotate-ի համահիմնադիր Տիգրան Պետրոսյանը և Հայաստանում Beeline-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը։
Հանդիպման ընթացքում բանախոսները ներկայացրել են Արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման ընթացքը Հայաստանում և աշխարհում։ Բանախոսներն անդրադարձել են Հայաստանում անհրաժեշտ կադրերի պատրաստման և համապատասխան գիտահետազոտական ու կրթական մթնոլորտի ստեղծման կարևորությանը, AI տեխնոլոգիաների վրա հիմնված հայկական հաջողակ ստարտափներին և այլն։
«Ժամանակակից տեխնոլոգիաները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են, քանի որ ինքներս էլ աշխատում ենք ՏՏ ոլորտում և բացի այդ հաճախ շփվում ենք տեխնոլոգիական ստարտափների հետ: Բնականաբար արհեստական բանականությունն այն ոլորտն է, որն ապագայում մեծ դեր է ունենալու, և այսօր արդեն շատ լուծումներ է առաջարկում: Մենք էլ հետևում ենք ոլորտի զարգացմանը, որպեսզի մեր աշխատանքի մեջ հնարավորինս կիրառենք այս ժամանակակից և հզոր հնարավորությունները», - նշել է Հայաստանում Beeline-ի PR ղեկավար Նաիրա Նազարյանը:
«Արհեստական բանականության տեխնոլոգիաներն իրենց զարգացման նախնական փուլում են։ Նախորդ տարիներին Հայաստան ՏՏ և ստարտափ էկոհամակարգերի արագ զարգացման հետևանքով արհեստական բանականության փուլ ենք մուտք գործում բավական շահեկան դիրքերից։ Այս մասին են վկայում Արհեստական բանականության տեխնոլոգիաների վրա հիմնված հայկական մի շարք հաջողակ և արագ զարգացող ստարտափներն ու ընկերությունները։ Շնորհակալ եմ մեր բանախոսներին՝ անչափ հետաքրքիր և ուսանելի հանդիպման համար», - նշել է Տեխնոլոգիական զարգացման կենտրոն հիմնադրամի Խորհրդի նախագահ Սամվել Չախալյանը։
Starthub Armenia ծրագրի ընթացքին հետևելու և առաջիկա հանդիպում-քննարկումների մասին տեղյակ լինելու համար կարող եք այցելել https://starthub.am կայք կամ StartHub Armenia ֆեյսբուքյան էջ։












