Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի. զոհվել է 1 ընտանիքի 6 անդամ
Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով առնվազն 26 մարդ է զոհվել, հաղորդում է Detroit News-ը՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությանը:
Մեկ օր առաջ հաղորդվել էր 16 զոհի և 50 տուժածի մասին: Մահացածների թվում են նաև երեք դեռահասներ:
Գործակալության տվյալներով՝ դրանից հետո իսրայելական ավիահարվածների զոհ են դարձել Գազայում բնակվող 1 ընտանիքի վեց անդամներ: Այլ տվյալներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Իսրայելն ու պաղեստինյան խմբավորումները հարվածներով են փոխանակվում նոյեմբերի 12-ի առավոտյան Գազայի հատվածում ռմբակոծության հետևանքով «Իսլամական ջիհադ» խմբավորման առաջնորդներից Բահա Աբու Ալ Աթայի սպանությունից հետո:
Այս ընթացքում Գազայի հատվածից Իսրայելի տարածք է արձակվել ավելի քան 250 հրթիռ և արկ։ Փոքր ընդմիջումներով հարվածները շարունակվում են մինչ օրս. Իսրայելի ավիացիան, իր հերթին, հարվածներ է հասցնում պաղեստինցիների օբյեկտներին:









