Անօրինական ճանապարհով հաջողության հասածը չպետք է լինի վարչապետի պաշտպանության ներքո, դա նրա հեղինակությունը չի մեծացնի․ «Ժառանգության» նախագահը՝ Փաշինյանի՝ Դալուզյանին սատարող հայտարարության մասին
Կարծում եմ՝ վարչապետը սայթաքում է թույլ տվել, չեմ ուզում ավելի խորանալ, որովհետև այդ թեմայի աստիճանական շրջանառության մեծածացումից լավ հոտ չի գալիս: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ ամբիոնից վարչապետի՝ ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին արված հայտարարություններին:
«Հասարակական տիրույթում սա չի մեծացնի Փաշինյանի հեղինակությունը, որովհետև այդ նույն Դալուզյանը Հայաստանի դրոշը արհեստական խթանիչներով է բարձրացրել, այսինքն՝ բացի իր սեռական կողմնորոշումից նաև խնդիրներ ունի օրինականության հետ: Իսկ սպորտային օրինականությունը նաև իրավական օրինականություն է և կարծում եմ՝ անօրինական հաջողության հասածը չպետք է լինի վարչապետի անձնական պաշտպանության ներքո»,- ասաց նա:
Անդրադառնալով այն հայտարարությանը, թե ֆիլմի ֆինանսավորմանը չմիանալը խարան կլիներ պետության ճակատին, նա նշեց. «Կվերադառնամ իմ նախնական որդեգրած մոտեցմանը, որ այս հարցը այդքան մեծ հնչեղություն չպետք է ստանար, որովհետև նախարարությունը շատ այլ մերժումներ է տվել, որոնք, ըստ իս, հասարակական ավելի կարևորություն ունեին»:
Նրա խոսքով՝ ժամանակը ցույց կտա՝ արդյոք հասարակությունը պատրաստ է ընդունել այդ մարդկանց. «Իսկ այս փուլում տարվող պրոպագանդան գալիս է իշխանությունների քաղաքական առաջնահերթություններից ու նպատակահարմարություններից: Նրանք առաջնորդվում են իրենց քաղաքական թիմի նպատակահարմարություններով, սա չի տեղավորվում «Ժառանգության» պատկերացումների մեջ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը հաջորդած բազմաթիվ քննադատություններին, Անդրանիկ Գրիգորյանը նշեց՝ ինքն էլ ասում է, որ դա չի ավելացնում վարչապետի հեղինակությունը: «Կարծում եմ՝ դա սայթաքում էր իր կողմից, իսկ սայթաքումները վերջին շրջանում ավելացել են»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին պատմող ֆիլմի՝ ԿԳՄՍ նախարարության կողմից ֆանանսավորմանը, հայտարարել էր. «Այդ մարդն իմ անձնական պաշտպանության ներքո է: Եթե նախարարությունը չֆինանասավորեր, դա պետության ճակատին խարան կլիներ: Երբ ինքը չեմպիոն է, մենք կկանգնենք, կնկարվենք հետը, երբ որ պրոբլեմ ունի՝ քեզ հետ գործ չունենք, իմ պատկերացումն էսպիսին չէ։ Ես տեղյակ չեմ եղել, որ որոշում է կայացվել ֆինանսավորել այդ ֆիլմը, բայց ես շատ գոհ եմ, որ ֆինանսավորվել է այդ ֆիլմը: Ամոթ եմ համարում, որ մարդուն էսքան հեշտությամբ Հայաստանում ոտերի տակ են գցում, հիմա էդ մարդը Հայաստանից փախել է, էլի փրկություն չունի, էլի ամեն օր քոռ դանակով մորթում են։ Ես ասում եմ՝ գոհ եմ ու հպարտ մեր մշակույթի նախարարությունից, որ էդ որոշումը կայացրել են, կեցցե՛ն իրանք»:









