Տարածաշրջանային զարգացումներից մենք պետք է ոչ ուրախանանք, ոչ տխրենք, այլ՝ սառը հաշվարկներ անենք. Թևան Պողոսյան (տեսանյութ)

19:26 • 14.11.19

Տարածաշրջանային զարգացումներից մենք պետք է ոչ ուրախանանք, ոչ տխրենք: Հարկավոր է սառը հաշվարկներ անել՝ գիտակցելով, որ բոլորն առաջնորդվում են իրենց շահերով: Այս մասին «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում ասել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը:

Մեկնաբանելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևանում արած հայտարարությունները՝ Պողոսյանը նշել է. «Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, դաշնակիցն է, և այցերի ժամանակ միշտ էլ դրական ֆոնի ներքո է ամեն ինչ տեղի ունենում»: Նա ընդգծել է, որ այդ հայտարարություններն արվում են սահմանված նպատակներին հասնելու համար:

«Լավրովի խոսքը Երևանում շատ ականջահաճո էր, ինչ-որ չափով դրական ձևով էր անդրադառնում, վարչապետին էր հղում անում: Բայց պետք է չմոռանանք, որ ընդամենը մեկ ամիս առաջ «Վալդայ»-ում այլ տեսակետ էր հնչեցնում, մեկ ամիս անց կարող է այլ տեսակետ լինի: Ամեն ինչ կախված է գործընթացներից: Մինսկի խմբի համանախագահ երկրի արտաքին գործերի նախարարը միշտ էլ այցից առաջ դրականն է ասելու»,- ասել է Պողոսյանը:

Նրա խոսքով, այցի արդյունքները կերևան մոտակա ժամանակում: «Եթե Ադրբեջանը կոպիտ հայտարարություն անի և արձագանք չլինի Լավրովի կողմից, ուրեմն պետք է պարզապես հանգիստ վերաբերվել այս հայտարարություններին՝ նայելով պրոցեսի տեսակետից»,- նշել է նա:

Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վաշինգտոն կատարած այցին, Պողոսյանն ընդգծել է, որ ԱՄՆ-ն և Թուրքիան ռազմավարական գործընկերներ են, երկուսն էլ ունեն շահեր՝ փորձելու հարաբերությունները լարվածությունից հանել: Նրա դիտարկմամբ՝ պետք է հաշվի առնել, որ և՛ Թրամփը, և՛ Էրդողանը բիզնես մտածողությամբ են առաջնորդվում՝ նախապատվություն տալով այն գործարքներին, որոնք առավել շահավետ են իրենց համար:

Պողոսյանի կարծիքով՝ մենք պետք է առաջնորդվենք այն գիտակցությամբ, որ պատերազմն ավարտված չէ ոչ մարտի դաշտում, ոչ տեղեկատվական հարթությունում: «Պետք է ձևավորել հասարակություն, որտեղ միավորվելն ու մի բռունցք դառնալն է մեզ պահում: Թույլ չտալ, որ թշնամիները կամ հակառակորդները կամ չուզողները փորձեն մեր հասարակության մեջ ատելություն տարածել, նպաստել պառակտմանը և այլն: Պետք է զարկ տալ արդյունաբերությանը, տնտեսության  զարգացմանը՝ գիտակցելով, որ ի վերջո այդ մարտահրավերը բոլորինս է: Այն չի նայելու, նախկին ես, հին ես, նոր ես, ինչ տարիքի ես»,- նշել է նա:

Մանրամասները` տեսանյութում։