Պոմպեոն Անյեսին շնորհավորել է Բոլիվիայի ժամանակավոր նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհավորել է Բոլիվիայի սենատոր Ժանին Անյեսին երկրի ժամանակավոր նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հայտնել է Պետդեպարտամենտը, գրում է Reuters գործակալությունը:
«ԱՄՆ-ն ողջունում է բոլիվիացի սենատոր Ժանին Անյեսի գործողությունները, որն իր պատրաստակամությունն է հայտնել ստանձնել պետության անցումային նախագահի պաշտոնը և ժողովրդավարական իշխանափոխության ընթացքում ղեկավարել երկիրը»,- ասված է Պոմպեոյի հայտարարության մեջ:
«Մենք մտադիր ենք աշխատել Ամերիկյան պետությունների կազմակերպության, Բոլիվիայի քաղաքացիական սահմանադրական ինստիտուտների և Բոլիվիայի ժողովրդի հետ՝ ազատ և արդար ընտրություններ նախապատրաստելու համար: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում առաջիկա շաբաթներին պաշտպանել ժողովրդավարությունը և ձեռնպահ մնալ համաքաղաքացիների և նրանց ունեցվածքի դեմ բռնություններից», - հավելել է Պոմպեոն:
Հիշեցնենք, որ Բոլիվիայում զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին նախագահ Էվո Մորալեսի հրաժարականից հետո հրաժարական են ներկայացրել նաև մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` փոխնախագահ Ալվարո Գարսիա Լիներան, սենատի խոսնակ Ադրիանա Սալվատերրան և պատգամավորների պալատի խոսնակ Վիկտոր Բորդան, երկրի արտգործնախարար Դիեգո Պերին:









