Որոշեցի առայժմ չդիմել այդ քայլին. Արարատ Միրզոյանը` Գևորգ Պետրոսյանին կարգապահական տույժի ենթարկելու մասին (տեսանյութ)

17:24 • 14.11.19

Նոյեմբերի 12-ին ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպի թեմայով որևէ քննարկում չեմ ունեցել ո՛չ Գևորգ Պետրոսյանի, ո՛չ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության այլ ներկայացուցչի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Ինչ վերաբերում է Գևորգ Պետրոսյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելուն, ԱԺ նախագահը նշեց.«Ես ցանկացա տեսնել այդ հոդվածը ևս մեկ անգամ և որոշեցի առայժմ չդիմել այդ քայլին, որովհետև ես միշտ ցանկանում եմ նորից մարդկանց հնարավորություն տալ մնալ քննարկումների սահմաններում` էթիկայի շրջանակում։ Լիահույս եմ՝ այդպես էլ կլինի, եթե չլինի, ապա այդ օրենքը, այդ նորմը կա, ԱԺ կանոնակարգ օրենքի 51-րդ հոդվածի երրորդ մասն է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կողմից ներկայացված «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու հարցի քննարկման ժամանակ վիճաբանություն էր տեղի ունեցել Արարատ Միրզոյանի և հիմնական զեկուցող Գևորգ Պետրոսյանի միջև:

Արարատ Միրզոյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակնարկին, թե սպառնացել են պատգամավորին (Նազելի Բաղդասարյանին), նշեց. «Ես չեմ կարող ասել, թե կոնկրետ ով է կանգնած սպառնալիքների հետևում, բայց ես տեղյակ եղել եմ, որ սպառնալիքներ հնչել են և այդ մասին տեղեկացրել ենք իրավապահներին, վարչապետը անհրաժեշտ համարեց այս մասին բարձրաձայնել իր կողմից և եթե այդպես արեց, վստահ եմ դրա կարիքը կար: Ես կարող եմ ստորագրել վարչապետի ասածի տակ և ես կրկնում եմ, որ որևէ մեկը չի կարող երևակայել, պատկերացնել, որ կարող է սպառնալիքների լեզվով խոսել պատգամավորների հետ և փորձել այդ ճանապարհով կանխել այն կարգավորումները, որը մեր ուժը մտադիր է  անել»,- ասաց նա:

Թե կոնկրետ ինչ սպառնալիք է հնչել, ԱԺ նախագահն ասաց, որ զանգել են, հանդիպել են, հորդորել են այսինչ բանը չանել, քանի որ կլինի այն ինչ բանը:

Նշենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր, թե Փաշինյանը նկատի է ունեցել իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանին, ում Գյումրիի նախկին քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը երեկ առավոտյան սպառնացել էր՝ ասելով, թե պատգամավորը չի էլ պատկերացնում, թե ինչ է իրեն սպասվում քրեական ենթամշակույթը վերացնելուն ուղղված օրենքի նախագծի ընդունումից հետո, որի համազեկուցողն է Նազելի Բաղդասարյանը:

Անդրադառնալով փաստին, որ չնայած իրենք ԱԺ–ում մեծամասնություն ունեն, սակայն չընդունվեց օրենքի նախագիծը, որով Անվտանգության խորհրդում ԱԺ նախագահի ներկայացված լինելը պարտադիր պիտի դառնար, Արարատ Միրզոյանը նախ ասաց, որ ինքը վարչապետի հրավերով այժմ մասնակցում է Անվտանգության խորհրդի բոլոր նիստերին:

«Մենք այստեղ հատուկ ջանքեր չենք գործադրել, եթե ցանկանան, ապա այդ օրենքը կարող են նորից շրջանառել: Եթե ամեն գնով ընդունելու խնդիր լիներ, մենք կարող էինք գործուղում մեկնող մեր ընկերներին խնդրել` նամակով տեղեկացնել իրենց կողմ քվեարկության մասին, բացականերին հորդորել չբացակայել: Այն առումով էր անսպասելի, որ ես կարծում էի, որ սա մի նախագիծ է, որ բոլորը կողմ կլինեն, ոչ միայն իմքայլականները: Ես չեմ ձևացնում, իսկապես մեծ խնդիր չեմ տեսնում»,-ասաց նա: