Փորձում ենք համակարգային լուծում տալ, որ նման երևույթներ այլևս չլինեն. Արմեն Գրիգորյանը՝ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի մասին

14:23 • 14.11.19

ԱԱԾ հայտարարությանը հավելյալ բան չեմ կարող ավելացնել, բայց նմանատիպ խնդիրները թե ԱԱԾ-ի և թե այլ մարմինների օրակարգում են:  Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի բացահայտմանը։

«Փորձում ենք հասկանալ, թե խնդրին որտեղից է և ինչպես կարող ենք համակարգային լուծում տալ, որ նման երևույթներ այլևս չլինեն: Սրանք լուրջ սպառնալիք են մարդկանց ու երեխաների անվտանգության համար»,- ասաց նա և նշեց, որ պետք է սպասել մինչև ԱԱԾ-ն հետագայում մանրամասն կխոսի:

Գրիգորյանը հավելեց, որ օրգանների վաճառքի մասին խոսք չա, եթե հավելյալ բան լինի, այդ մասին կխոսվի:

Գրիգորյանն անդրադարձավ օրերս արված իր հրապարակմանը, որտեղ համեմատական տանելով Գերմանիայի 37 թվի հետ, նշել էր, որ Հայաստանում չպետք է լինեն ուժեր, որոնք, օգտվելով ժողովրդավարական համակարգից, կգան իշխանության: Նա նշել էր նաև, որ վճռական են լինելու այդ ուժերի դեմ:

Գրիգորյանը պարզաբանեց, որ իր հոդվածի նպատակը այդ թեմայի շուրջ քննարկումներ ծավալելն է եղել: «Սա նոր իրավիճակ է և պետք է ավելի շատ խոսենք ժողովրդավարության զարգացման, կայացման և պահպանության մասին: Ես ոչ թե խնդիր եմ տեսնում, որ այդ ուժերը իշխանության կգան, ես տեսնում եմ, որ իրենք չարաշահելով ժողովրդավարության, ազատ մամուլի ընձեռած հնարավորությունը հասարակության մեջ պառակտում են մտցնում և խնդիրներ են ստեղծում: Դրա համար էլ մենք քննարկում ենք ծավալում՝ հասկանալու համար, թե ինչպես կարող ենք խնդիրներին լուծում տալ»,-ասաց նա:

Իսկ թե որոնք են այդ ուժերը, Գրիգորյանը խուսափեց անուններ հնչեցնելուց, բայց նշեց, որ դրանք հիմնականում արտախորհրդարանական են: «Այսպես ասեմ՝ այդ ուժերը հիմնականում ֆեյք հաշիվների և ոչ հրապարակային հանդես գալու միջոցով են գործում: Կեղծ լուրերը, որոնք տարածվում են, հիմնականում տարածվում են կեղծ հաշիվների միջոցով: Դժվար է իմանալ, թե այդ հաշիվների հետևում ովքեր են կանգնած, որովհետև տվյալների մասով սահմանափակումներ կան, հաճախ ֆեյսբուքը տվյալներ չի հաղորդում, այդ մասով էլ կասկածներ են առաջանում»,- ասաց նա:

Իսկ թե ինչ վճռական քայլերով են պայքարելու դրա դեմ, նա ասաց, որ տարբեր ձևերով, բայց կոնկրետ քայլ չկա, որ ասեն այս քայլը կատարելով՝ բոլոր խնդիրները լուծվելու են: