Մասնագետների միջև սկանդալ է ծագել Փարիզի Աստվածամոր տաճարի աշտարակի վերականգնման շուրջ

23:25 • 14.11.19

Ֆրանսիացի գեներալ Ժան Լուի Ժորժելենը, որին Ֆրանսիայի նախագահը հանձնարարել էր վերահսկել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքները, բանավեճի մեջ է մտել կառույցի գլխավոր ճարտարապետ Ֆիլիպ Վիլնևի հետ։

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, մասնագետների միջև վիճաբանության առիթ է դարձել տաճարի այրված աշտարակի վերակառուցման հարցը։ Մասնավորեցվում է, որ Ժորժելենը, ինչպես և Մակրոնը, աշտարակի ոճային ձևավորման հարցում «որոշակի արդիականացման» կողմնակից է, մինչդեռ ճարտարապետը խստորեն հետևում է կառույցի՝ նախկին տեսքով վերականգնմանը։

«Ինչ վերաբերում է գլխավոր ճարտարապետին, ես նրան բազմիցս բացատրել եմ, որ մենք պետք է խելամիտ ընտրություն անենք, որը լավագույնը կլինի Փարիզի Աստվածամոր տաճարի համար, Փարիզի և ողջ աշխարհի համար»,- հայտարարել է գեներալը։

Նրա խոսքով՝ վերակառուցմանն առնչվող հիմնական հարցերը կորոշվեն 2021 թվականի սկզբին։  

Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում ապրիլի 15-ին խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մեծապես ավերվել է տաճարը, պահպանվել է տաճարի հիմնական կառուցվածքն ու հնությունները։