Թբիլիսիում բողոքի ցույցեր են սկսվել խորհրդարանի կողմից սահմանադրական բարեփոխումների ընդունման տապալումից հետո (տեսանյութ)

17:07 • 14.11.19

Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ խորհրդարանի կողմից խառը ընտրական համակարգից համամասնականի անցնելու վերաբերյալ սահմանադրական բարեփոխումների ընդունման տապալման պատճառով: Այս մասին տեղեկացնում է imedinews.ge կայքը:

Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են խորհրդարանի մուտքերից մեկը, ոստիկանական ուժերը խորհրդարանի դիմաց ուժեղացված ծառայություն են իրականացնում:

Ցուցարարները հայտարարել են, որ իրենք բողոքի ակցիաներ կանեն այնքան ժամանակ, քանի դեռ ընտրությունները չեն անցնի համամասնական ընտրակարգով:

Ցուցարարներից մեկի՝ Գիգի Մակարաշվիլիի խոսքով՝ իրենք պատրաստվում են փակել խորհրդարանի բոլոր երեք մուտքերը և թույլ չտալ օրենսդիրներին լքել խորհրդարանի շենքը:

Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Կախա Սաբանաձեն հայտարարել է, որ նախարարությունը կպաշտպանի ամեն անձի կարծիք հայտնելու իրավունքը, բայց միևնույն ժամանակ արժանի պատասխան կտա օրենքի ցանկացած խախտման:

Ավելի վաղ խորհրդարանի «Հայրենասերների դաշինք» խմբակցության ղեկավար Իրմա Ինաշվիլին դեմ էր արտահայտվել համամասնական ընտրակարգի անցնելու գաղափարին՝ նշելով, որ հիմա ծայրահեղ փոփոխությունների ժամանակը չէ:

Ավելի վաղ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին նշել էր, որ 2020 թվականի ընտրությունները կանցնեն համամասնական ընտրակարգով, որից հետո հոկտեմբերի վերջին խորհրդարանն անցել է Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ անելուն, սակայն իշխող կուսակցությունից շատ պատգամավորներ, որոնք ընտրվել էին մեծամասնական համակարգով, չեն աջակցել այս ծրագրին, ինչի պատճառով այն տապալվել է: