Ուրալում տղամարդը կացինը ձեռքին մտել է տարրական դպրոց
Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Մախնեվո գյուղի բնակիչ Իլյա Պերեվալովը կացինը ձեռքին մտել է տարրական դպրոց: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը: Տղամարդը հանգիստ քայլել է շենքով, մինչև եկել է ոստիկանությունը և դուրս հանել նրան:
Այս դեպքից առաջ նա կացնով զինված և դեմքը դիմակով փակած փորձել է խանութ թալանել, սակայն ոստիկանները կարողացել էին վնասազերծել նրան: Այս դեպքից հետո Պերեվալովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, և նա ենթարկվել է տնային կալանքի: Սակայն նոյեմբերի 12-ին Պերեվալովը խախտել է դատավորի որոշումն ու կացինը ձեռքին գնացել դպրոց:
«Նա խախտել է տնային կալանքը, որի ժամանակ չի կարելի դուրս գալ հասարակական վայրեր, այդ իսկ պատճառով տեղի ոստիկանությունը մտադիր է այսօր դատարանի միջոցով փոխել նրա խափանման միջոցը՝ վերցնելով Պերեվալովին կալանքի տակ»,- նշել է ՌԴ ներքին գործերի նախարարության Սվերդլովսկի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Վալերիա Գորելիխը:
Պերեվալովը գործազուրկ է և ունի պայմանական դատվածություն՝ գողության համար: Գորելիխի խոսքով՝ հնարավոր է Պերեվալովի առողջական վիճակի հետ կապված բուժզննում նշանակվի, քանի որ նա աչքի է ընկնում ոչ ադեկվատ վարքով: Արդեն մի քանի դեպք է եղել, երբ Պերեվալովը ներկայացել է որպես հայտնի մարդկանց բարեկամ:









