Բրիտանուհին ամուսնացել է ծանր վիճակում գտնվող սիրելիի հետ նրա մահից օրեր առաջ (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի 35-ամյա բնակչուհին ամուսանցել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող սիրելիի հետ վերջինիս մահից 4 օր առաջ, գրում է Daily Mail-ը։
2019 թվականի փետրվարի 20-ին Մարտին Սիմոնսի ձեռքերը մնացել են փոխակրիչի (կոնվեյեր) մեջ, իսկ գործընկերները չեն կարողացել ժամանակին անջատել սարքը։ Դժբախտ պատահարի հետևանքով տղամարդը զրկվել է վերջույթից, վնասել է ուսը, պարանոցն ու գլխուղեղը։ Բժիշկները մինչև վերջ պայքարել են Սիմոնսի կյանքի համար, սակայն նրան փրկել այդպես էլ չի հաջողվել։
Սիմոնսի հարսնացուն՝ Թինան, որոշել է հարսանեկան արարողությունն անցկացնել հիվանդանոցում՝ կոմայի մեջ գտնվող տղամարդու անկողնու մոտ: Արարողությունից մի քանի օր անց տղամարդու արհեստական կենսաապահովման սարքն անջատվել է։ Թինան հայտարարել է, որ Մարտինին խոստացել էր ամուսնանալ նրա հետ և չէր կարող դրժել խոստումը։
«Հիանալի օր էր։ Մարտինի ամենամտերիմ ընկերը նրա անունից կարդաց երդման տեքստը, իսկ որդիս՝ Թոմմին, մատիս մատանի դրեց։ Այդ գիշեր ես պառկեցի Մարտինի կողքին, մեկ ժամ գրկեցի նրան և հանդարտ երաժշտության տակ մի փոքր քնեցի նրա կողքին»,- ասել է Թինան։
Բրիտանուհու խոսքով՝ ինքն ու Մարտինը սիրահարված են եղել միմյանց դեռ մանկուց, սակայն որոշակի պահի դադարել են շփվել։ Միջադեպից երեք տարի առաջ պատահաբար հանդիպել են ավտոբուսում և սկսել հանդիպել։ Սիրահար զույգը մտադիր էր 2020 թվականի ապրիլին շքեղ հարսանիք կազմակերպեկ և մեկնել Կուբա՝ ամուսնական ճամփորդության։
Թինան ամուսնական զգեստը նվիրել է մեկ ուրիշի, քանի որ դրա հետ կապված հիշողությունները շատ ցավոտ էին։













