Թայլանդում զբոսաշրջիկը փորձել է լուսանկարվել արգելված վայրում, սայթաքել է և մահացել
Թայլանդում Ֆրանսիայի 33-ամյա բնակիչ Բաստիեն Պալմիրն ընկել է 80-մետրանոց ջրվեժից և մահացու վնասվածքներ ստացել, գրում է Daily Mail-ը։
Պալմիրը Թայլանդի Սամուի կղզում Նամուանգ 2 ջրվեժի մոտ մտել է արգելված տարածք, որպեսզի կարողանա լուսանկարվել ջրվեժի ֆոնին։ Չնայած վտանգի վերաբերյալ նախազգուշացումներին և ընկերների հորդորներին՝ զբոսաշրջիկը անցել է պարանից այն կողմ և հայտնվել ժայռի եզրին։ Լուսանկարվելու համար հաջող դիրք ընտրելիս Պալմիրը սայթաքել է և ջախջախվել՝ ընկնելով սուր քարերին։
Ոստիկանության ներկայացուցիչ Պհուվադոլ Վիրիյավարկանգկուլն ասել է, որ զոհի մարմինը գտնելու համար մի քանի ժամ է պահանջվել, քանի որ ժայռերը սուր և սայթաքուն են։ Նույն այդ վայրում այս տարվա հուլիսին ևս մեկ զբոսաշրջիկ է մահացել՝ Դևիդ Ռոկամունդի Կոնեսան։ Միջադեպը ոստիկանությունը որակում է որպես դժբախտ պատահար, որը տեղի է ունեցել զբոսաշրջիկի մեղքով:









