Հետհեղափոխական զարգացումները մեզ  տանում են դեպի փակուղի, որևէ ոլորտում էական աճ չունենք. Արթուր Խաչատրյան

19:57 • 01.12.19

Հետհեղափոխական զարգացումները մեզ  տանում են դեպի փակուղի, չի բացառվում, որ անսպասելի զարգացումներ լինեն, հստակ է, որ տնտեսական առաջխաղացում չունենք, արտաքին  քաղաքականության բնագավառում հաջողություններ  չունենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը՝ չբացառելով, որ իշխանությունները կարող են հեռանալ և արտահերթ ընտրություններ լինեն: Անդրադառանալով  դիտարկամանը, թե ինքը կիսում է այն մտահոգությունները, որ իշխանություններն իրենց պահում են տնվորի նման` ժամանակավորի հոգեբանությամբ և երկրի ցավոտ հարցերի վերաբերյալ մինչև հիմա նրանք ի վիճակի չեն եղել կայացնել որևէ որոշում, ասաց.

«Չեմ կարող ասել, թե իշխանություններն ինչպիսի հոգեբանություն ունեն, բայց գործողություններից պարզ է, որ կոմպետենտությունը շատ ցածր մակարդակի վրա է: Որևէ ոլորտում էական աճ չունենք: Մասնավորապես, տնտեսական քաղաքականության առումով, երբ հրապարակվեց առաջին  երեք քառորդների ՀՆԱ աճը, տեսանք, որ աճ ասածը հիմնականում պայմանավորված է առևտրով և ծառայություններով, բոլորս էլ հասկանում ենք, որ ստվերում գտնվող մանրածախ առևտրի հաշվին է եղել, տալիս են  ՀԴՄ-ներ, ստվերից դուրս են  եկել, եթե  սա հանենք` կտեսնենք, որ աճ գոյություն չունի: Խոսում են մոնոպոլիաների կազմաքանդման մասին, երբևիցե որևէ մեկը չի ասել, թե որ մոնոպոլիան է կազմաքանդվել: Իշխանություններն ասում էին, որ իրենց նպատակը ներառական տնտեսական աճն է, չեն  խոսում` ապահովե՞լ են, թե՞ ոչ»,- նշեց նա:

Արթուր  Խաչատրյանը նկատեց, որ բոլոր ոլորտներում բազմաթիվ  խնդիրներ կան. «Մյուս  խնդիրը, որը մենք տեսանք,  Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնն էր, երբ սփյուռքը չճանաչելու հետևանքով ունեցանք բավականաչափ  ցածր  նվիրատվություն, այսինքն` սփյուռքահայերի սերն առ հայրենիք չի նվազել, բայց մարդիկ պարզապես չգիտեն, ինչպես աշխատեն սփյուռքի հետ: Դա ուղղակի հետևանք է նրան, որ սփյուռքի նախարարությունը լուծարվեց և  փոխարենն ստացվեց ընդամենը մի հանձնակատարի պաշտոն:

Մյուս խնդիրը, որը տեսնում ենք, կրթության ոլորտում է: Փոխանակ  անդրադառանան կրթության առաջընթացը խոչընդոտող հարցերին, Հայոց լեզի կարգավիճակն են փորձում փոխել` պարտադիրից անցնեն կամընտրականի, ինչն  արհեստածին օրակարգ է. ուսանողներին երբեք Հայոց լեզուն չի կարող խոչընդոտել, որ լավ մասնագետ դառնան, անհասկանալի է մշակութային քաղաքականությունը, այդպես էլ  հասկանալի չդարձավ` «Հուզանք ու զանգ» միջոցառումը ֆինանսավորելով իշխանություններն ի՞նչ մշակութային քաղաքականության ջատագով են, ի՞նչ ուղերձ էին  հղում: Կամ, վերջին դեպքը, քաղաքապետարանին նվիրաբերած  աղբատար մեքենանաների  վերաբերյալ, սկզբից  իշխանությունները խուսափում էին  ներկայացնել, հետո պարզվեց նվիրատվությունները տրվել են  թույլտվությունների դիմաց»:

Արթուր Խաչատրյանի դիտարկմամբ հստակ է, որ հասարակության համերաշխությունը երբեք ավելի  ցածր մակարադակի վրա չի եղել, քան այսօր, «սիրո և  համերշխության» հեղափոխությունից հետո հասարկության բաժանարար գծերը սրվել են:

Ըստ նրա՝ դատական համակարգի անկախության խնդիրներն էլ լուծելու փոխարեն փորձում են դատական համակարգը ենթարկեցնել իշխանություններին, վերջիվերջո ամեն ինչ շուռ է գալու իրենց  դեմ, ինչի համար պատասխան են տալու հետագայում:

Անդրադառնալով դիտարկմանը, որ երբ իշխանություններին քննադատում են, նախորդների հետ են կապում՝ ասելով, որ իրենք չէ, որ պիտի խոսեն:

«Որևէ մեկն իշխանություններին թույլ չի տվել ասել՝ ով պետք է խոսի, ով պետք է լռի: Մենք  թույլտվություն չենք  հարցնելու, երբ խոսենք, ինչքան խոսենք ու ինչի  մասին: Մենք այս երկրի զարգացման մեջ ներդրում ունեցող քաղաքան ուժ ենք, իրենք ի՞նչ ներդրում են ունեցել: Եթե իշխանությունների մոտ ռացիոնալ ինչ-որ բան մնացել է, քննադատությունների հետ պետք է հաշվի նստեն, ընդդիմադիրները երկրի թշնամին չեն, սրտացավությունից դրդված են քննադատություններ անում»,- եզրափակեց նա: