Թող որևէ մեկը չմտածի, որ կարող է իր կեղտոտ թաթիկներով կպնել պետական արժանապատվությանը, ՀՀ ինքնիշխանությանը, կկտրենք բոլորի թաթիկները. Նիկոլ Փաշինյանը՝ ԲՀԿ-ին (տեսանյութ)

18:25 • 04.12.19

Թող որևէ մեկը չմտածի, որ ՀՀ դրոշին, պետականությանը ինքնիշխանությանը, պետական արժանապատվությանը կարող է իր կեղտոտ թաթիկներով կպնել, կկտրենք բոլորիդ թաթիկները, սա ի գիտություն: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ակտիվորեն քննարկվող խնդրին, թե արաբ շեյխերը ցանկացել են ներդրում անել ՀՀ-ում, սակայն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պատճառով չի եղել ներդրումը:

Վարչապետը նախ նշեց, որ այդքան էլ վստահ չէ, որ այդ մարդիկ շեյխեր կամ շեյխերի ներկայացուցիչներ են եղել: «Եթե շեյխերի ներկայացուցիչ լինեին, ԱՄԷ-ի պաշտոնական ներկայացուցիչ, նրանք կարիք չունեին, որպեսզի Գագիկ Ծառուկյանը զանգեր ինձ և խնդրեր, որպեսզի ես Երևանի քաղաքապետին միջնորդեմ, որ նա նրանց ընդունի, որովհետև եթե նրանք շեյխի ներկայացուցիչ էին, նրանք դեսպանության միջոցով կարող էին դիմել մեզ»,- ասաց վարչապետը:

Նա հաստատեց տեղեկությունը, որ Գագիկ Ծառուկյանը զանգել է իրեն և ասել, որ խոշոր ներդրողներ են, վարչապետն էլ դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որ վերջինս ընդունի նրանց: Վարչապետը նշեց, որ քաղաքապետը, հաշվի առնելով իր զանգը, կիրակի օրով պաշտոնական արարողակարգով ընդունել է այդ մարդկանց: Շարունակելով խոսքը, Փաշինյանը նշեց, որ քաղաքապետի համար տարօրինակ է եղել «էդ մակարդակի» բանավոր մարդիկ Երևանի քաղաքապետի հետ գալիս են ընդունելության ջինսերով, «բոթասներով» և մայկաներով:

«Սա, կարծում եմ, վերաբերմունք է պետական ինստիտուտին: Բացի այդ, նրանք ասել են՝ Երևանի կենտրոնում հող ենք ուզում բիզնես դնելու համար: Քաղաքապետն ասել է, ցավոք սրտի, ձեր նշած տարածքներով հող Երևանի քաղաքապետարանի տիրապետության տակ չկա, մասնավորը գուցե ունենա, պետք է գնել»,- ասաց նա:

Ըստ վարչապետի՝ հընթացս պարզվել է, որ երեք հյուրերն էլ հեռախոսներ ունեն և զրույցի ընթացքում հերթով սկսել են խոսել հեռախոսով: «Երբ քաղաքապետը ներկայացնելիս է եղել իրավիճակը, սկզբում մեկն է հեռախոսով խոսել, հետո մյուսը, երբ երրորդին է զանգ եկել, քաղաքապետն ասել է՝ տեսնում եմ, որ ձեզ համար զրույցը հետաքրքիր չէ, ինքն էլ իր ասելիքն արդեն վերջացրած է եղել, ուստի ասել է՝ շնորհակալություն, ցտեսություն»,- ներկայացրեց նա:

Վարչապետը կարծիք հայտնեց, որ Հայկ Մարությանը ճիշտ է արել: «Ես կարծում եմ՝ ճիշտ է արել, որովհետև եթե մարդիկ կան, որ թույլ են տալիս իրենց հետ այդպես վերաբերվեն և այդպես վարվեն, որ իրենց համար Հայաստանի պետականությունը էդ է, որ պետք է ջինսով, «բոթասով» մտնեն քաղաքապետին ասեն՝ դու այստեղից, այնտեղ ... այդ ժամանակները պրծել են: Եթե մարդիկ կան, որ ՀՀ-ում այդպիսի  քաղաքապետներ, նախարարներ  են եղել, որոնց հետ այդպիսի հարաբերություններ են ունեցել, իրենց ժամանակն ավարտվել է վաղուց»,- շեշտեց նա:

Վարչապետն ընդգծեց, որ ժամանակագրորեն ԲՀԿ-ն սկսել է ներդրումային միջավայրից բողոքել այն բանից հետո, երբ Քննչական կոմիտեում մեղադրանք  է առաջադրվել «Մուլտի գրուպ» ընկերության ղեկավարին Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակներում շատ խոշոր չարաշահումներ թույլ տալու համար:

«Ես ուզում եմ ասել, որ Հյուսիս-հարավ պրոյեկտը ներդրումային շատ լավ միջավայր է եղել, սակայն ով հասել է՝ բռնել է այդ նախագիծը որպես կթու կով կթել է: Հիմա մենք նրանց ձեռի թաթիկները կտրում ենք հատ-հատ և շարունակելու ենք կտրել: Եվ որևէ մեկը չմտածի՝ ՀՀ դրոշին, պետականությանը, ինքինշխանությանը, պետական արժանապատվությանը կարող է իր կեղտոտ թաթիկներով կպնել, կկտրենք բոլորի թաթիկները սա ի գիտություն»,- եզրափակեց վարչապետը: