«Մեզ ցուցում չտաք», «Այդպես ասելով՝ դուք եք ցուցում տալիս». ԱԺ նիստի ժամանակ «Իմ քայլի» և ԲՀԿ-ի պատգամավորները շուրջ մեկ ժամ փոխադարձ մեղադրանքներ հնչեցրին միմյանց հասցեին
Ազգային ժողովում ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ելույթից հետո «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները ելույթներով փոխադարձ մեղադրանքներ հնչեցրեցին միմյանց հասցեին:
«Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը նշեց, որ ցավում է, որ Ուրիխանյանն իր ուզածն ասաց ու գնաց: «Նա իրեն չսազական բաներ է անում արդեն որերորդ անգամ, և նման հրահրող գործը պատիվ չի բերում»,- ասաց նա:
Հակոբյանը հավելեց, որ հարգանքով է վերաբերում շեյխերին, նրանց որդիներին, մորքուրի զավակներին, բայց որևէ մեկին այս իրավիճակը չի տալիս հնարավորություն գալ այս ամբիոնի մոտ և նման պահվածք դրսևորել: «Սա արջի ծառայություն է անձամբ պարոն Ծառուկյանին, ես չգիտեմ՝ ինչ քննարկումների արդյունքում է ծնվում նման մտքեր արտահայտելու գործելաոճը, եթե անգամ դա քննարկումների արդյունք է, ես ասում եմ՝ դուք սխալ ուղու վրա եք, և դա ճիշտ տեղ չի տանում»,- ասաց նա:
Վաղարշակ Հակոբյանի ելույթին կոշտ արձագանքեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, որը նշեց, որ օդանավակայանից է եկել, գործուղման էր և այն, ինչ լսեց, պետք է արձագանքի, չի կարող չարձագանքել:
««Բարգավաճ Հայաստանին» որևէ մեկը թող ցուցում կամ հրահանգ չտա, որովհետև այդ իրավունքը ոչ ունեն, ոչ էլ ունենալու են»,- ասաց նա և դիմեց ԱԺ նախագահությանը. «Դուք՝ որպես նախագահող, պետք է թեմայից շեղումներ թույլ չտաք, իսկ եթե թույլ եք տալիս, ապա բոլոր ելույթները պետք է շեղվեն»,- ասաց նա:
Մելքումյանն ընդգծեց, որ ինչ, որ ասվել է քաղաքապետարանի հետ կապված, շատ ճիշտ է եղել: «Ինչ ասել է պարոն Ուրիխանյանը, շատ ճիշտ է ասել, պետք չէ, որ մեկս մյուսին անընդհատ արձագանքենք և այստեղ «Արձագանք» ձայնագրման ստուդիա ցուցադրենք: Այստեղ շատ-շատերն էլ պետք է մեծերի գործերին չխառնվեն: Ես չեմ ուզում հին բաներ ասել, որ պետք է քաղաքական ճանապարհ ունենաք, բայց պետք է գնալ ճիշտ ճանապարհով»,- ասաց նա:
Մելքումյանն ընդգծեց, որ Հայաստանում ներդրողների հետ աշխատանքը զրոյական մակարդակի է: «Վաղը վիճակագրական կոմիտեն կհրապարակի թվեր, և դուք կտեսնեք, որ այն, ինչ ես ասում էի հունվար-հունիսի հետ կապված, հունվար-սեպտեմբերին ավելի խայտառակ վիճակ է լինելու: Երբ ասում ենք՝ ներդրողների հետ աշխատեք, բարի եղեք ցուցաբերել համապատասխան մակարդակ և աշխատեք, ոչ թե այստեղ դասագրքային, կիսաժպիտներով խոսեք: Գնացեք մտածեք, որ Հայաստան ներդրում չի գալիս, իսկ մնացած բաները հենց այնպես արձագանքներ են»,-շեշտեց պատգամավորը:
Մելքումյանի ելույթին պատասխանեց «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: «Հա´մ ասում եք՝ ցուցում չտալ, հա´մ ասում եք՝ մեծերի գործերին չխառնվել: Պարոն Մելքումյան, դա ցուցում տալ է, Դուք ինքներդ Ձեզ հակասում եք ու այս ամբիոնից ցուցում եք տալիս՝ մեծերի գործերին չխառնվել: Այս դահլիճում չկան մեծեր, չկան փոքրեր, ովքեր պետք է խառնվեն կամ չխառնվեն իրար գործերին»,- ասաց նա:
ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ կոչ արեց ամբիոնը օգտագործել նախագծերի քննարկման համար, ոչ թե իրար փնովելու: «Մենք պատրաստ ենք, բաց ենք քննարկելու ցանկացած փոխհարաբերություն, բայց առանց միկրոֆոնների: Կարծում եմ՝ այս ամբիոնը վատ ծառայություն է մատուցում մարդկանց, որոնք փորձում են ինչ-որ բան ասել, որ հետո գնան իրենց միջավայրում գլուխ գովել, ասեն՝ տեսա՞ք ինչ ասեցինք: Ժողովուրդը մեզ մանդատ չի տվել, որ գանք ու այս կարգի հարցերով զբաղվենք»,- ասաց նա:
«Իմ քայլի» պատգամավորներից Սուրեն Գրիգորյանը թեև շնորհակալություն հայտնեց Բագրատյանին և համաձայնեց, որ չարաշահվում է ամբիոնը, բայց այդուհանդերձ պատասխանեց Միքայել Մելքումյանի ելույթին: «Պարոն Մելքումյանն ասում է՝ ոչ մի բան անպատասխան չի մնալու: Չեմ հասկանում, այս մեկ տարին չհերիքե՞ց հասկանալու, որ այստեղ ներկայացված երեք ֆրակցիաներն էլ դուխի պակաս չունեն, և ամեն մեկն էլ կարող է մյուսին պատասխանել»,- ասաց նա:
Գրիգորյանն ընդգծեց, որ այսօրվա ընթացքում առաջինը քաղաքապետի թեման բարձրացրեց ԲՀԿ խմբակցության պատգամավորը, իսկ Մելքումյանն էլ ասում է՝ ոչ մի հարց անպատասխան չի մնալու, իրենք էլ պատասխանում են:
«Իմ քայլից» Հայկ Կոնջորյանն էլ շնորհակալություն հայտնեց Սերգեյ Բագրատյանին, բայց էլի պատասխանեց Մելքումյանին: «Խնդրում եմ՝ եկեք հղումներ չանենք «իմ քայլի» պատգամավորների տարիքը, անցած ճանապարհի բացակայությունը, անփորձությունը: Մենք մի շարք բաներում անփորձ ենք, և դա լավ է, մենք անփորձ ենք մի շատ արատների համար: Մեր երիտասարդությունը, որ Դուք փորձում եք ներկայացնել բացասական երևույթ, դա բացասական չէ, մենք ունենք անսահման շատ էներգիա, եթե պետք է փոխհրաձգությունների մեջ մտնենք այսպես, մեր էներգիան ձեզնից մի քանի անգամ շատ է՝ չհաշված մեր թվաքանակը»,- ասաց նա:
Հաջորդ հարցի քննարկման ժամանակ նորից ելույթ ունեցավ Միքայել Մելքումյանը՝ խնդրի հետ կապված: Նա, դիմելով «իմ քայլի» պատգամավորներին, ասաց, որ լավ կլիներ, որ վեր կենային ու ասեին, որ այո, էս ինչ ոլորտում իրենք ունեն ձախողում:
«Լավ, կատարյա՞լ է այս երկրում ամեն ինչ: Այս բոլոր հարցերը՝ ներդրողների հետ կապված, առաջանում են նրանից, որ այնպես չէ, որ Հայաստանում ներդնողները շարված են: Երբ մենք ասում ենք՝ Հայաստանի միջավայրը գրավող չի, չի նշանակում, որ պատգամավորները հերթով վեր կենան ու դրան պատասխանեն»,- ասաց նա:
Նա հավելեց, որ եթե այդպես պետք է անեն, էլ ինչո՞ւ Սերգեյ Բագրատյանին շնորհակալություն հայտնեցին: «Եթե լինելու է պրոֆեսիոնալ առումով ոչ համարժեք մակարդակի ելույթ, եթե լինելու է պետականաշինության, տնտեսության զարգացման համար ոչ պրոֆեսիոնալ քաղաքական որոշումներ, մենք դրա մասին պետք է խոսենք: Բա ծափ տա՞նք: Էդ, որ երկրում ներդրում չկա, մենք էլ ձեզ հետ ծափ տա՞նք, ասենք՝ ի՞նչ լավ է՝ երկրում ներդրում չկա»,- ընդգծեց նա:
Մելքումյանը, դիմելով իշխող ուժի պատգամավորներին, ասաց. «Ասածս այն է՝ կանգ առեք, գնացեք, մեզ լսեք, մեզ, որ լսեք, ճիշտ ճանապարհով եք գնալու, նախորդ իշխանությունը չլսեց, տեսաք չէ՞ ինչ եղավ»:
Մելքումյանի այս մտքի վրա ծիծաղեցին «Իմ քայլի» պատգամավորները:










