Ուսանող ծեծել տվող Ա. Հարությունյանն իշխանափոխության օրերին մետրոյով էր երթևեկում, հիմա՝ չկա մի փոխնախարար, որ ծառայողական ավտոմեքենա չունենա. ինչու՞ են իշխանություններն անընդհատ ստում. Վ. Վարագյան

19:02 • 05.12.19

Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է իշխանությունների և մասնավորապես ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գործելաոճին՝ իշխանափոխությունից առաջ և հետո: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

Իշխանափոխության առաջին օրերին (հիմա արդեն ուսանող ծեծել տվող) սուպերնախարար Արայիկ Հարությունյանը մետրոյով էր երթևեկում՝ էժան փիառն ու էպատաժային պոպուլիզմը ներկայացնելով որպես «նոր» Հայաստանի ձեռքբերում:

Հետո պարզվեց, որ այնուամենայնիվ նախարարները, այդ թվում նաև Արայիկ Հարությունյանը, ծառայողական մեքենաներից չեն հրաժարվել: Սա քողարկելու համար ժողովրդի վարչապետը շտապեց հայտարարել, որ փոխնախարարները ծառայողական ավտոմեքենաներ չունեն՝ սա ներկայացնելով որպես «նոր» Հայաստանի հերթական ձեռքբերում և պետական միջոցների խնայողություն:

Հիմա պարզվում է՝ չկա մի փոխնախարար, որ ծառայողական ավտոմեքենա չունենա: Եվ հարցն այն չէ, թե ինչու՞ պետք է նախարարներն ու փոխնախարարները «պադավատ» ունենան: Հարց այն է, թե ինչու՞ են «նոր» Հայաստանի իշխանություններն անընդհատ ստում ու խաբում: