«Բենջամին Բաթոնի» հիվանդությամբ տառապող երեխան 2 տարեկանում տատիկի տեսք ունի (լուսանկարներ)
Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է Լեստեր քաղաքի 2-ամյա բնակչուհի Իսլա Կիլպատրիկ Սքրիտոնի պատմությանը՝ ներկայացնելով հազվագյուտ գենետիկ հիվանդության հետևանքով տատիկի դեմք ունեցող աղջնակին:
Աղբյուրը նշում է, որ փոքրիկ բրիտանուհին, հավանաբար, աշխարհում միակ մարդն է այս հիվանդությամբ: Նրա մոտ ախտորոշվել է դիսպլազիայի հազվագյուտ տեսակ, որն ավելի շատ հայտնի է որպես «Բենջամին Բաթոնի» հիվանդություն:
Դրա հետևանքով աղջկա օրգանիզմի բջիջները սկսում են արագ ծերանալ: Բժիշկներն Իսլայի գեներում այնպիսի մուտացիաներ են գտել, որոնց նախկինում երբևէ չեն հանդիպել: Բժիշկները չեն բացառել, որ Իսլան կարող է երկար ապրել, սակայն նախազգուշացրել են, որ նա մշտապես բազմաթիվ առողջական խնդիրներ է ունենալու:
Երկու տարեկանում երեխան կշռում է ընդամենը 6,8 կգ, չի կարողանում նորմալ խոսել, ոսկրերի ձևն աղճատված է, չի կարողանում նորմալ շնչել, ինչպես նաև սրտի հետ կապված խնդիրներ ունի: Նա շաբաթական 1-6 անգամ տարբեր մասնագետների մոտ է գնում ու մշտապես գտնվում է հսկողության ներքո:
Ծնողները պատմել են, որ երեխային օգնելու համար ջանք չեն խնայում և որ տանը նրան կատակով «տատիկ» են անվանում:


















