Ավստրալիայում գրանցվել է ամենաշոգ օրը
Ավստրալիայի օդերևութաբանական բյուրոն արձանագրել է օդի ջերմաստիճանի դիտարկման ամբողջ պատմության ընթացքում ամենաշոգ օրը. ըստ նախնական տվյալների՝ դեկտեմբերի 17-ին օդի միջին ջերմաստիճանը եղել է 40,9 աստիճան՝ ըստ Ցելսիուսի սանդղակի:
Ինչպես նշում է theguardian.com-ը, այս ցուցանիշը գերազանցել է նախորդ ռեկորդը, երբ 2013թ. հունվարի 7-ին արձանագրվել էր 40,3 աստիճան:
Պարբերականը հիշեցնում է, որ Ավստրալիայի տարբեր հատվածներում մոլեգնում են անտառային հրդեհները, որոնք ահռելի տարածություններ են այրում: Օդերևութաբանական բյուրոյի տվյալներով՝ Ավստրալիայի տարածքի 95 %-ում հրդեհավտանգ իրավիճակ է, ինչը պայմանավորված է չափից ավելի շոգ և չոր եղանակով:
Հայտնի է, որ 2019թ. օգոստոսից ի վեր Նոր Հարավային Ուելս և Քուինսլենդ նահանգներում անտառային հրդեհների հետևանքով մթնոլորտ է արտանետվել 250 մլն տոննա ածխածնի երկօքսիդ, ինչը երկրի տարեկան ցուցանիշի կեսն է:










