Ավելի քան 2 մլն մահ՝ 1 տարում. Հնդկաստանում արձանագրվել է միջավայրի աղտոտվածության հետ կապված մահացությունների ամենաբարձր ցուցանիշը

12:57 • 19.12.19

Հնդկաստանը գլխավորում է այն երկրների ցանկը, որտեղ աղտոտվածության հետ կապված մարդկային մահացությունների թիվն ամենաբարձրն է:

Ինչպես նշում է The Guardian-ը, այս մասին ասվում է Global Alliance on Health and Pollution կազմակերպության զեկույցում: Ըստ մասնագետների՝ օդի, ջրի և շրջակա միջավայրի աղտոտվածության հետևանքով աշխարհում տարեկան 8,3 մլն մարդ է մահանում, ինչն ընդհանուր մահացությունների թվի 15%-ն է:

Աղբյուրը մանրամասնում է, որ զեկույցում ներկայացվել են 2017թ. տվյալները, ըստ որոնց՝  աղտոտվածության հետ կապված մահացությունների ամենաբարձր մակարդակն ունեցող տասը երկրների ցանկում են ներառվել ինչպես մեծ և հարուստ, այնպես էլ աղքատ պետություններ:

Օրինակ՝ առաջատար Հնդկաստանում մեկ տարում աղտոտվածության հետևանքով առաջացած հիվանդություններից 2,3 մլն մարդ է մահացել, իսկ Չինաստանում՝ 1,8 մլն: Նրանց հաջորդում են Նիգերիան, Ինդոնեզիան և Պակիստանը:

«Այս զեկույցը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ աղտոտվածությունը գլոբալ ճգնաժամ է, և կապ չունի՝ որտեք եք ապրում. աղտոտվածությունը կգտնի ձեզ»,-նշել կազմակերպության գործադիր տնօրեն Ռեյչել Կուպկան:

 

Ավելի քան 2 մլն մահ՝ 1 տարում. Հնդկաստանում արձանագրվել է միջավայրի աղտոտվածության հետ կապված մահացությունների ամենաբարձր ցուցանիշը