Apple-ն արբանյակների մշակման համար գաղտնի թիմ է ստեղծել. նախագիծը դեռևս նախնական փուլում է. Bloomberg
Ամերիկյան Apple ընկերությունն արբանյակների մշակման համար գաղտնի թիմ է ստեղծել, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ աղբյուրների հղումով:
Տեղեկությունների համաձայն` տիեզերական արդյունաբերության ոլորտի ինժեներներն աշխատում են արբանյակների օգնությամբ տեղեկությունների փոխանցման հետ կապված տեխնոլոգիայի ստեղծման ուղղությամբ: Նախագիծը ղեկավարում են Skybow Imaging ընկերության նախկին աշխատակիցներ և օդատիեզերական ինժեներներ Մայքլ Թրելան և Ջոն Ֆենվիկը:
Նախագծի մշակումը նախնական փուլում է գտնվում և հնարավոր է` չեղարկվի, սակայն այս նախագծով անձամբ հետաքրքրված է կորպորացիայի ղեկավար Թիմ Քուկը:
Սակայն պարզ չէ՝ արդյոք Apple-ը պատրաստվում է ստեղծել սեփական թռչող ապարատ կամ ցամաքային սարքավորում, որը տեղեկություններ կստանա արդեն արձակված արբանյակներից և կփոխանցի այն բջջային սարքերին: Ենթադրաբար, ընկերությունը միջոցներ է փնտրում համացանցային ծառայություններն ուղղակիորեն գաջեթների հետ կապելու համար՝ շրջանցելով բջջային օպերատորների ցանցը:
Ավելի վաղ վերլուծաբանները խոստովանել էին, որ 2019 թվականին սմարթֆոնների շուկայում գերիշխող դիրք է զբաղեցնում Apple-ի արտադրանքը: Սմարթֆոնների համաշխարհային շուկայի շահույթի 2/3-րդը բաժին է ընկնում Apple ընկերությանը, ասվում է Counterpoint Research-ի հետազոտության մեջ:










