Իսրայելում հայտնաբերվել է աշխարհի ամենահին ամբարտակը. շինությունն ավելի քան 7 000 տարեկան է

17:32 • 23.12.19

Իսրայելում հնագետները յոթ հազար տարվա վաղեմության ամբարտակի մնացորդներ են գտել: Սա աշխարհի ամենահին շինությունն է, որը ստեղծվել է ծովի մակարդակի բարձրացումից պաշտպանվելու նպատակով, հայտնում է PLOS ONE ամսագիրը:

Մոտ ութ հազար տարի առաջ սկսված գլոբալ տաքացումը հանգեցրել է հյուսիսային կիսագնդում սառցադաշտերի հալման և ծովի մակարդակի աստիճանական բարձրացման: Այն ժամանակ Իսրայելի ներկայիս ափային տարածքն արդեն բնակեցված էր մարդկանցով, որոնք փորձել են հնարավորինս պաշտպանվել ջրի մակարդակի բարձրացումից:

Իսրայելի ափերին հայտնաբերված Թել-Հրեի նեոլիթյան բնակավայրի բնակիչները փորձել են այս պատնեշի հետևում պատսպարվել առաջ եկող ծովից: Գիտնականները կարծում են, որ չնայած մարդկանց բոլոր ջանքերին, ամբարտակը չի կատարել իր գործառույթը ու փլուզվել է ջրի ճնշման տակ, իսկ բնակիչները ստիպված են եղել լքել իրենց տները:

Պատնեշի  երկարությունը ավելի քան 100 մետր է: Դրա պատրաստման համար առնվազն մեկ տոննա կշռով հսկայական քարեր են բերվել բնակավայրից 4կմ հեռավորության վրա գտնվող գետի հունի մոտակայքից:

Շինությունը մոտ յոթ հազար տարեկան է: Սակայն փայտածխի, փայտի կտորների, կենդանական և մարդկային ոսկորների ռադիոածխածնային ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ տեղի բնակիչները` մոտ 10-ից 20 ընտանիք, շարունակել են 200-300 տարի բնակվել ծովից վտանգավոր հեռավորության վրա:

«Սա աշխարհի ամենահին ափամերձ պաշտպանական պարիսպն է՝ այն իրական խնդրի դեմ պայքարի առաջին ապացույցը, որի հետ մենք բախվում ենք այսօր»,- նշում է հոդվածի հեղինակներից մեկը՝ Ֆլինդերսի համալսարանի ծովային հնագետ Ջոնաթան Բենջամինը:

 

Картинки по запросу В Израиле археологи обнаружил древнейшую в мире дамбу

 

Իսրայելում հայտնաբերվել է աշխարհի ամենահին ամբարտակը. շինությունն ավելի քան 7 000 տարեկան է