2020 թվականին «АвтоВАЗ» ընկերությունը կբարձրացնի Lada-ի բոլոր մոդելների գները. «Ведомости»
Ռուսական «АвтоВАЗ» ընկերության կողմից արտադրվող բոլոր մակնիշների մեքենաների գները կթանկանան միջինը 2,3%-ով: Այս մասին տեղեկացնում է «Ведомости» թերթը՝ հղում անելով երեք աղբյուրի:
Պարբերականի տվյալներով՝ ամենաշատը կաճի Vesta սեդանի գինը՝ 3,8%-ով՝ մինչև 629,9 հազար ռուբլի: Granta սեդանի գինը կաճի 2,5%-ով՝ մինչև 455,9 հազար ռուբլի, մինչև 538,9 հազար ռուբլի (+2,9%) կաճի Lada 4x4 ամենագնացի գինը: Lada Vesta Sport սեդանը, որը շարքի ամենաթանկարժեք մեքենան է, կթանկանա 1,5%-ով և նրա արժեքը կկազմի 1 միլիոն 42,9 հազար ռուբլի:
Ինչպես տեղեկացրել է պարբերականին աղբյուրներից մեկը, գների բարձրացումը չի ազդի ռուսական շուկայում «АвтоВАЗ»-ի մասնաբաժնի վրա, քանի որ մյուս ավտոարտադրողները նույնպես հայտարարել են գների բարձրացման մասին: Մեկ այլ աղբյուր էլ նշել է, որ թանկացումները չեն ազդի նաև վաճառքի ծավալների վրա:
«АвтоВАЗ» ընկերությունը հրաժարվել է մեկնաբանություններ տալուց:
«АвтоВАЗ»-ը Ռուսաստանի խոշորագույն ավտոարտադրող ընկերությունն է, Renault - Nissan – Mitsubishi դաշինքի անդամ է հանդիսանում:










