Գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան ներողություն է խնդրել երկրպագուներից սառը արձագանքի համար
Փհենչհանի 2018-ի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր, հայկական արմատներով գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան) ներողություն է խնդրել երկրպագուներից նրանց աջակցությանը սառն արձագանքելու համար:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, մարզուհին մրցաշարի կարճ ծրագրում իր ելույթից հետո լրագրողների միջոցով դիմել է երկրպագուներին, որոնք ներկա էին գտնվել Կրասնոյարսկում անցկացվող ՌԴ առաջնությանը:
Նշվում է, որ կարճ ծրագրից հետո Մեդվեդևան 5-րդ տեղում է հայտնվել՝ ստանալով 71.08 միավոր: Նա ստիպված է եղել ելույթ ունենալ չմուշկներով, որոնք կոտրվել էին հինգշաբթի անցկացրած մարզումների ժամանակ: Մարզուհին փորձել է պատրաստվել ելույթին նոր չմուշկներով, սակայն որոշել է վերադառնալ հին տարբերակին:
«Երկրպագուներն ինձ շատ օգնեցին: Ուզում եմ ներողություն խնդրել, որ այդպես սառն եմ արձագանքել, սակայն տպավորությունները հիասքանչ էին: Մարզիչ Բրայանը ելույթից հետո ասաց, որ հպարտանում է ինձնով»,- ասել է գեղասահորդուհին:










