Վաճառքի են հանվել չինական գործարանում հավաքված առաջին Tesla-ները (տեսանյութ)
Ամերիկյան Tesla ավտոարտադրող ընկերությունը վաճառքի է հանել առաջին ավտոմեքենաները, որոնք արտադրվել են Չինաստանի գործարանում: Այս մասին տեղեկացնում է lenta.ru կայքը:
Գնորդներին է ներկայացվել 15 էլեկտրամեքենա՝ Made in China գրությամբ: Այս մասին հաղորդվում է ընկերության թվիթերյան էջում:
Մինչ այս Tesla-ն ԱՄՆ-ից դուրս գործարաններ չի ունեցել:
Այս իրադարձության պատվին ընկերությունը կազմակերպել էր Model 3-ի առաքման հանդիսավոր արարողությունը: Հաճախորդները եղել են ընկերության աշխատակիցները:
Ավելի վաղ Tesla-ն Չինաստան էր բերում մեքենաներ, որոնք արտադրվել էին ԱՄՆ-ում: Այժմ ընկերությունը մտադիր է զգալի չափով նվազեցնել իր արտադրանքի արժեքն ու ավելացնել վաճառքի ծավալը:
Չինացի գնորդների համար Model 3-ը կարժենա 38 000 դոլար, ինչը հնարավորություն կտա մոդելին մրցակցել տեղական ավտոարտադրողների, մասնավորապես, NIO-ի և Xpeng Motors-ի հետ:
Մոտ ժամանակներս ընկերության «Tesla Shanghai Gigafactory 3» չինական գործարանում մեքենաների արտադրությունը կհասնի շաբաթական 1000 օրինակի: Դրա համար ամերիկյան ավտոարտադրողը մեկ միլիարդ դոլարից ավելի ֆինանսավորում է ստացել չինական վարկատուներից` գործարանի կառուցման և զարգացման համար:
Գործարանի կառուցման իրավունքի դիմաց Tesla ընկերությունը համաձայնել է տարեկան 323 միլիոն դոլար հարկ վճարել Չինաստանին: Այդ կետը նշված է պայմանագրում: Եթե ընկերության գործերը հաջող չընթանան, ընկերությունը կվերադարձնի վարձակալած տարածքը: Միևնույն ժամանակ, ամերիկյան ավտոարտադրողը կարողացել է հասնել զգալի նվաճման. գործարանն ամբողջովին պատկանում է ընկերությանը, և համատեղ սեփականություն չէ չինական գործընկերոջ հետ, ինչն ավելի վաղ պարտադիր պայման էր:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










