Լոնդոնում տեղադրվել են CityTrees համակարգեր՝ օդի աղտոտման դեմ պայքարելու համար (տեսանյութ, լուսանկարներ)
Լոնդոնում տեղադրվել են մամուռից պատրաստված «CityTrees» համակարգեր, որոնք պայքարում են օդի աղտոտվածության դեմ: Այս մասին տեղեկացնում է dailymail.com կայքը:
Կանաչ պատերով մոնոլիտները տեղադրվել են Ուոլթեմ Ֆորեսթ թաղամասի՝ օդի աղտոտվածությամբ աչքի ընկնող երկու կետերում: Այս թաղամասի խորհուրդն անցյալ տարվա ապրիլին կլիմայի հետ կապված արտակարգ դրություն էր հայտարարել:
«CityTrees»-ը համարվում է աշխարհում առաջին կենսատեխնոլոգիական աղտոտման զտիչը, կազմված է կենդանի բույսերից՝ տեղային օդի մաքրման և մարդկանց օգնելու համար:
Այս համակարգն օգտագործվել է նաև մի շարք այլ քաղաքներում` Բեռլինում և Հոնկոնգում:
«Ուոլթեմ Ֆորեսթի խորհուրդն արդեն ավելի քան 10 տարի զբաղվում է կլիմայի փոփոխության հարցով: «CityTrees»-ը կենսատեխնոլոգիական զտիչներով առաջնակարգ տեխնիկա է, որում օգտագործվում են կենդանի բույսեր և տարբեր տեսակի մամուռներ՝ աղտոտող նյութերը վերացնելու համար, որպեսզի մաքուր օդ արտադրվի: Սա հավասարազոր է 275 ծառ տնկելուն»,-ասել է թաղամասի խորհրդի անդամ Կլայդ Լոուքսը:
Համակարգի տեղադրումը բնապահպանների հավանությանն է արժանացել, որոնք ողջունել են այդ քայլը և նշել, որ սա անգնահատելի քայլ է Լոնդոնի օդը մաքրելու համար:
















