Իրանում հստակեցրել են կործանված ինքնաթիռի ուղևորների քաղաքացիության մասին տեղեկությունը (լուսանկարներ, տեսանյութ)
Թեհրանի մերձակայքում վթարի ենթարկված ուկրաինական ինքնաթիռում եղել են Իրանի, Ուկրաինայի, Աֆղանստանի, Կանադայի, Շվեդիայի քաղաքացիներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով իրանական ISNA լրատվական գործակալության հրապարակած ուղևորների և անձնակազմի անվանացանկին:
Ցուցակում նշված է 32 օտարերկրացի, այդ թվում` Ուկրաինայի 11, Աֆղանստանի 11, Կանադայի 6 և Շվեդիայի 4 քաղաքացի: Մնացած 147-ն Իրանի քաղաքացիներ են:
Այս տեղեկատվությունը տարբերվում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տվյալներից, ըստ որի` զոհվել է Իրանի 82, Կանադայի 63, Ուկրաինայի 11, Շվեդիայի 10, Աֆղանստանի 4, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի 3-ական քաղաքացի:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ ուկրաինական ուղևորատար օդանավ է կործանվել:
Flight Radar պորտալի հաղորդմամբ՝ ուկրաինական PS752 չվերթը Թեհրանից մեկնել է գիշերը ժամը 2:42-ին և դադարել տվյալներ փոխանցել երկու րոպե անց: Պորտալի տեղեկություններով՝ ուկրաինական Boeing 737-800-ը կործանվել է թռիչքից անմիջապես հետո:
Նշվում է, որ օդանավում գտնվել է 179 մարդ:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը տեղեկացրել է, որ ըստ նախնական տվյալների՝ Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիներ չկան։












