Փորձագետները հայտնել են հանրային վայրերում հեռախոսների լիցքավորման վտանգի մասին
Օդանավակայաններում, մետրոյի կայարաններում, առևտրի կենտրոններում և այլ հանրային վայրերում հեռախոսների լիցքավորման հարմարանքների թիվն աշխարհում մեծանում է, սակայն նման USB-մուտքերն անվտանգ չեն, քանի որ դրանց միջոցով չարագործները կարող են հեռախոսում պահպանվող տեղեկություններին հասանելիություն ստանալ, վնասակար ծրագրաշար ներբեռնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Group-IB ընկերության Համակարգչային քրեագիտության լաբորատորիայի փոխտնօրեն Սերգեյ Նիկիտինի խոսքով` ստանդարտ USB մալուխում չորս լար կա, որոնցից երկուսը նախատեսված են տվյալների փոխանցման, մյուսը` հոսանքի մատակարարման համար (սովորաբար` 5 վոլտ հզորությամբ): Վերջինը «զրոյական» լարն է:
«Փաստացի USB-ի միջոցով ցանկացած գաջեթ լիցքավորելու համար երկու լարերը` «զրոյականը» և 5 վոլտանոցը, բավարար են, իսկ տվյալների փոխանցման համար նախատեսված լարերի օգտագործման անհրաժեշտություն չկա: Խնդիրն այն է, որ չարագործության նպատակներով երբեմն լիցքավորման համար նախատեսված լարում հատուկ սարք կամ հենց լիցքավորման սարքում փոքր համակարգիչ կարող է ներկառուցված լինել: Ձեր գաջեթը լիցքավորման միացնելով` այն միացնում եք այլ սարքի»,-զգուշացնում է մասնագետը:
Փորձագետի խոսքով` հաշվի առնելով հանրային լիցքավորման պրակտիկայի տարածվածությունը` նման հարձակումների հավանականությունը բավականին բարձր է: Չարագործները նման կերպ գաջեթին հասանելիություն ստանալով` կարող են օգտագործել մարդկանց տվյալները` դրանք հետագայում գովազդային կազմակերպություններին վաճառելու կամ անձնական տեղեկությունները (լուսանկարներ, տեսանյութեր) սպառնալիքի միջոցով վերջիններիս դեմ կիրառելու, սարքը վիրուսով վարակելու և մի շարք այլ չար նպատակներով:
Փորձագետների համաձայն` ժամանակակից հեռախոսները պաշտպանիչ գործառույթ ունեն, որն արգելափակում է տեղեկությունների փոխանցումը նոր միացված սարքավորումներին, սակայն այն լիակատար պաշտպանություն չի երաշխավորում: Նման հարձակումներից պաշտպանված լինելու նպատակով խորհուրդ է տրվում խուսափել հանրային վայրերում գաջեթը լիցքավորելուց, կամ սկզբում միացնել ձեր սնուցման բլոկը (powerbank), հետո միայն դրանից` հեռախոսը, քանի որ դրանք ևս պաշտպանական գործառույթ ունեն:
Հեռախոսը լիցքավորելիս անհրաժեշտ է ուշադիր լինել ծանուցումներին, ընտրել «միայն լիցքավորում» գործառույթը` որևիցե այլ տեղեկություն չփոխանցելու նպատակով:
Ժամանակակից հեռախոսների պարագայում հնարավոր է նաև անլար լիցքավորում կատարել, որի պարագայում տեղեկությունների արտահոսք տեղի չի ունենում:










