Աբխազիայի դատարանը չեղյալ է հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները

23:55 • 10.01.20

Աբխազիայի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել առաջին ատյանի դատարանի՝ նախագահական ընտրությունների արդյունքները վավեր ճանաչելու որոշումը, գրում է ria.ru-ն։

Աբխազիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 8-ին: Հաղթել է հանրապետության գործող ղեկավար Ռաուլ Խաջիմբան՝ հավաքելով ձայների 47,39 տոկոսը: Ընդդիմադիր Ալխաս Կվիցինիան ստացել է ձայների 46,19 տոկոսը և հայց է ներկայացրել Գերագույն դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ 
 
«Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանադրական օրենքով սահմանված ժամկետներում կրկնակի ընտրություններ նշանակելու մասին որոշում է կայացրել»,-այս մասին տեղեկություն է հրապարակել դատավոր Թեմուր Տարբան:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը՝ Աբխազիայի խորհրդարանը քվեարկել է նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականի օգտին: Ավելի վաղ Խաջիմբան հրաժարվել էր լքել նախագահի պաշտոնը, սակայն ընդդիմության հետ բանակցությունների պատրաստակամություն էր հայտնել: