«Արքայազն Հարին և Մեգան Մարքլը հոգնել են լրատվամիջոցների ուշադրությունից և թագավորական պարտականություններից». Daily Mirror
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը` Մեգան Մարքլը, ծրագրել էին հրաժարվել թագավորական պարտականություններից երեք ամիս շարունակ: Զույգի հայտարարության մանրամասներին է անդրադարձել mirror.co.uk կայքը:
Տեղեկությունների համաձայն` Սասեքսի դուքսը և դքսուհին որոշել են թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունները վայր դնել Հարավային Աֆրիկա կատարած վերջին պաշտոնական այցի ընթացքում: Զույգը հոգնել է ԶԼՄ-ների ուշադրությունից և թագավորական պարտականություններից:
Նշվում է, որ զույգը վերջին շաբաթների իր ծրագիրն իրականություն է դարձրել`դիմելով Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ խորհրդատուների խմբի օգնությանը:
«Ամեն բան սկսվեց Հարավային Աֆրիկա կատարած շրջագայությունից հետո: Հարին տեսնում էր, որ Մեգանը տառապում է, ուստի հայտնեց, որ չի ցանկանում հերթական շրջագայությունն իրականացնել լրատվամիջոցների ուղեկցությամբ, և առաջարկեց կնոջն այլ կյանքի ուղի ընտրել իրենց համար»,- հավաստիացնում է թագավորական ընտանքին մոտ անանուն աղբյուրը:
Տեղեկությունների համաձայն` Մեգանը հայտարարությունից հետո միայնակ մեկնել է Կանադա` ամուսնու վրա թողնելով մնացած հարցերը կարգավորելու պատասխանատվությունը:
Հիշեցնենք, որ թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունները վայր դնելու մասին որոշման համար պատճառ է հանդիսացել թագավորական պալատից ֆինանսապես անկախ դառնալու և ժամանակն ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում հավասարապես անցկացնելու ցանկությունը:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Մադամ Տյուսոյի լոնդոնյան թանգարանն արքայազն Հարիի և Մեգան Մարքլի մոմե արձանները հանել է թագավորական ընտանիքին նվիրված ցուցադրության բաժնից:
«Ամբողջ աշխարհի հետ միասին մենք արձագանքում ենք զարմանք առաջացրած լուրերին այն մասին, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին վայր կդնեն թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունները: Այսօրվանից Մեգանի և Հարիի արձաններն այլևս չեն հայտնվի թագավորական ընտանիքի մեր հավաքածուում: Լինելով սիրված և ճանաչված արձանիկներից երկուսը՝ դրանք, իհարկե, կմնան թանգարանի կարևոր ցուցանմուշների շարքում»,- ասվում է թանգարանի հաղորդագրության մեջ:










