Սուխումի կենտրոնում հավաքվել են նախագահ Խաջիմբայի մի քանի տասնյակ կողմնակիցներ

14:35 • 11.01.20

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի մի քանի տասնյակ կողմնակիցներ հավաքվել են Սուխումի կենտրոնում, որտեղ արդեն մի քանի օր է՝ ընդդիմությունը նրա հրաժարականի պահանջով ակցիաներ է անցկացնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նրանք հավաքվել են Ֆիլհարմոնիայի շենքի մոտ, ինչպես նաև հարակից պուրակում: Աղբյուրի հաղորդմամբ՝ այնտեղ է ժամանելու իշխանությունների ներկայացուցիչը՝ իրավիճակը պարզաբանելու:

Միաժամանակ հանրապետության խորհրդարանի մի քանի ընդդիմադիր պատգամավորներ գնացել են ԿԸՀ՝ կառույցի նախագահին նախագահական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու մասին Գերագույն դատարանի որոշումը ներկայացնելու համար։ 

Աղբյուրի հաղորդմամբ՝ Սուխումի կենտրոնում կարելի է տեսնել նաև մեծ թվով իրավապահների:

Հիշեցնենք, որ ուրբաթ Աբխազիայի գերագույն դատարանը չեղարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որն ուժի մեջ էր թողել 2019 թվականի աշնանն անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները, որում հաղթանակ էր տարել Խաջիմբան, և նոր ընտրությունների անցկացման որոշում կայացրել: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Աբխազիայի խորհրդարանը քվեարկել է նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականի օգտին: Ավելի վաղ Խաջիմբան հրաժարվել էր լքել նախագահի պաշտոնը, սակայն ընդդիմության հետ բանակցությունների պատրաստակամություն էր հայտնել:

Նախագահի հրաժարականը պահանջում են ցուցարարները, որոնք ներխուժել են նստավայր և շրջափակել այն: 

Խաջիմբան Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ էր հրավիրել և նշել, որ անհրաժեշտության դեպքում հանրապետությունում հնարավոր է արտակարգ դրություն մտցվի:

Ուժայիններն ուժեղացված ծառայության են անցել: