Նամակով քաղաքացիներին իրազեկում ենք, որ նրանք ապրում են հուշարձանային արժեք ունեցող շենքում և տեղեկացնում, թե այդ շենքի հետ կապված ինչ իրավունքներ ունեն․ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

12:55 • 11.01.20

Հաճախ բախվում ենք մի իրավիճակի, երբ քաղաքացիները պարզապես տեղյակ չեն, որ բնակվում են հուշարձանային արժեք ունեցող շենքում և չգիտեն, թե այդ հուշարձանի հետ ինչպես պետք է վարվել։ Շինբարեկարգումները և ձևափոխումները հիմնականում աղճատում են հուշարձանային արժեքը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով նախարարության այն նախաձեռնությունը, որով նախատեսվում է հանրային քննարկումների միջոցով մարդկանց ուշադրությունը սևեռել պատմամշակութային արժեքների այսօրինակ խնդիրներին և տարբեր իրավիճակներում դրանց համար արդյունավետ լուծումներ գտնելուն։

«Նախարարության նպատակներից է քաղաքացիներին իրազեկել հուշարձանների պահպանության և օգտագործման օրինաչափությունները»,- ասաց ԿԳՄՍ նախարարը և հավելեց, որ տեղեկատվական արշավները կլինեն շարունակական, այդ թվում՝ մարզերում։

«Նախատեսում ենք նամակագրության միջոցով հայտնել քաղաքացիներին, որ նրանք ապրում են հուշարձան շենքում և այդ շենքի հետ կապված ինչպիսի իրավունքներ և պարտավորություններ ունեն»,- նշեց Արայիկ Հարությունյանը։

Նախարարը հայտնեց, որ այս նախաձեռնության շրջանակում նաև կայցելեն քաղաքացիներին, կթակեն նրանց դռները և կբացատրեն, թե ինչպիսի նշանակության շենքում են նրանք ապրում և ինչպես պետք է վարվեն այդ շենքի հետ։ Ըստ նրա՝ այս քայլերը էապես կբարելավեն հուշարձանային արժեք ունեցող շենքերի վիճակը։ Ի դեպ, նախաձեռնությանը կարող են միանալ նաև կարմավորներ։

Իրազեկման արշավի առաջին կանգառներն են՝ ՀՀ Արարատի, ՀՀ Վայոց ձորի և ՀՀ Սյունիքի մարզերը․ Հայաստանի մյուս մարզերում, առաջիկայում ևս կլինեն իրազեկման նման արշավներ։

Մանրամասները՝ տեսանյութում: