Տավուշի Բերքաբեր համայնքում ադրբեջանական դիպուկահարի կրակից վիրավորված զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար (լրացված)
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Այսօր ժամը 12:25 մոտակայքում Տավուշի Բերքաբեր համայքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը:
Հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա»:
Ավելի ուշ Tert.am-ի հետ զրույցում Իջևանի բուժկենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանն ասաց, որ Տավուշում վիրավորված զինծառայողի առողջական վիճակը բավարար է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
«Վիրավոր զինծառայողի վիճակը նորմալ է, նա բազկի շրջանում ստացել է վնասվածք և արդեն տեղափոխվել է Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալ»,- ասաց Էդուարդ Գրիգորյանը։










