Խամենեին կարգադրել է հրապարակել սխալմամբ խոցված ուկրաինական ինքնաթիռի աղետի հետաքննության արդյունքները

11:58 • 11.01.20

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին իշխանություններին կարգադրել է հրապարակել սխալմամբ խոցված ուկրաինական ինքնաթիռի աղետի հետաքննության արդյունքները, հայտնում է IRIB պետական  հեռուստառադիոընկերությունը, փոխանցում է ria.ru-ն:  

«Ինքնաթիռի` սխալմամբ կործանման մասին իմանալուն պես, նա երկրի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել` հարցը քննարկելու նպատակով»,- հայտնել է լրատվամիջոցը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին շաբաթ օրն իր ցավակցությունն է հայտնել երկրի զինված ուժերի կողմից սխալմամբ ուկրաինական ինքնաթիռի խոցման համար: 

«Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակվելուց հետո, ամերիկյան ագրեսոր ռեժիմի կողմից սպառնալիքների և իրանցի ժողովրդին ահաբեկելու պայմաններում Միացյալ Նահանգների կողմից հնարավոր հարձակումներից պաշտպանվելու նպատակով Իրանի զինված ուժերը 100 տոկոսանոց մարտական պատրաստության էին բերվել»,- նշվում է Ռոհանիի հայտարարության մեջ:

«Ցավոք, մարդկային գործոնը և սխալ արձակումը հանգեցրին մեծ աղետի, ինչը ցավալի է: Որպես Իրանի նախագահ` ես ցավակցություններս եմ հայտնում այս ողբերգական աղետի զոհերի ընտանիքներին»,- ասել է Ռոհանին:

Նախագահը Twitter սոցիալական կայքի իր էջում հայտնել է, որ «Զինված ուժերի ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը:

«Հետաքննությունը կշարունակվի այս մեծ ողբերգության և աններելի սխալի պատճառների հաստատման նպատակով»,- գրել է նա:

Նախագահը հավելել է, որ «այս աններելի սխալի համար պատասխանատուները պատասխանատվության կենթարկվեն»:

Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Վաշինգտոնն Օտտավային հետախուզական տեղեկություն է փոխանցել, որը հաստատում է այն վարկածը, որ Boeing-ի կործանման պատճառն Իրանի զենիթահրթիռային համալիրից արձակված համազարկն է եղել: