Ֆլորիդայում Թրամփի կեցավայրի մոտ մաչետեով և դանակներով զինված իրանցի է հայտնաբերվել. նա ձերբակալվել է
Ֆլորիդայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Մար ա Լագո» կեցավայրի մոտ ձերբակալվել է դանակներով, մաչետեով և բրիչով զինված Իրանի քաղաքացի, հայտնում է Washington Examiner թերթը` հղում տալով ոստիկանությանը:
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը` տեղական ժամանակով 9.30-ին (Երևանի ժամանակով` 18.30-ին): Ոստիկանները հաղորդագրություն են ստացել «կասկածելի անձի» մասին, որից հետո սպաները տղամարդուն ԱՄՆ նախագահի կեցավայրից մոտ 6 կիլոմետր հեռավորության վրա ձերբակալել են:
Ոստիկանության տվյալների համաձայն` ձերբակալվել է Իրանի քաղաքացի Մասուդ Երեյլզոլեհը, որի մոտ հայտնաբերվել է երկու դանակ, մաչետե և բրիչ: Բացի այդ, նրա մոտ եղել է 22 հազար դոլար և անձնագիր, որը հաստատում է, որ նա Իրանի քաղաքացի է և օրինական է գտնվում Միացյալ Նահանգներում:
Ներկայում ոստիկանությունը հետաքննում է դեպքը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ԱՄՆ-Իրան հարաբերությունները լարվել են: Դրանք է՛լ ավելի է սրել իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը, որը տեղի է ունեցել Բաղդադում ամերիկյան ավիահարվածի հետևանքով:










