«Մենք ոչ մի վայրկյան չէինք կասկածում, որ մեր անձնակազմն ու մեր ինքնաթիռը չէին կարող այդ ահավոր ավիավթարի պատճառը լինել». «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»

13:19 • 11.01.20

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը միշտ վստահ է եղել, որ անձնակազմն անմեղ է Իրանում ինքնաթիռի կործանման հարցում։ Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, Facebook-ի իր էջում հայտարարել է ընկերության նախագահ Եվգենի Դիխնեն։

Ընկերության նախագահը մեկնաբանել է Իրանի` Boeing 737-800-ի կործանման հարցում մեղքի ընդունումը:

«Մենք ոչ մի վայրկյան չէինք կասկածում, որ մեր անձնակազմն ու մեր ինքնաթիռը չէին կարող այդ ահավոր ավիավթարի պատճառը լինել»,- գրել է Դիխնեն։

Նա ընդգծել է, որ զոհվել են ավիաընկերության լավագույն աշխատակիցները, և որ նրանք սգում են բոլոր զոհերի և իրենց աշխատակիցների մահը: 

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Իրանը խոստովանել է, որ սխալմամբ խոցել է ուկրաինական ինքնաթիռը:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր խոսքում, մասնավորապես, նշել էր. «Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակվելուց հետո, ամերիկյան ագրեսոր ռեժիմի կողմից սպառնալիքների և իրանցի ժողովրդին ահաբեկելու պայմաններում Միացյալ Նահանգների կողմից հնարավոր հարձակումներից պաշտպանվելու նպատակով Իրանի զինված ուժերը 100 տոկոսանոց մարտական պատրաստության էին բերվել»:

«Ցավոք, մարդկային գործոնը և սխալ արձակումը հանգեցրին մեծ աղետի, ինչը ցավալի է: Որպես Իրանի նախագահ` ես ցավակցություններս եմ հայտնում այս ողբերգական աղետի զոհերի ընտանիքներին»,- ասել է Ռոհանին:

Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Վաշինգտոնն Օտտավային հետախուզական տեղեկություն է փոխանցել, որը հաստատում է այն վարկածը, որ Boeing-ի կործանման պատճառն Իրանի զենիթահրթիռային համալիրից արձակված համազարկն է եղել: