Իրանի միակ օլիմպիական մեդալակիր մարզուհին ընդմիշտ հեռացել է երկրից
Իրանի միակ կին օլիմպիական մեդալակիր Կիմիա Ալիզադեհը հայտարարել է, որ ընդմիշտ հեռացել է հայրենիքից՝ մեկնելով Եվրոպա:
Ինչպես փոխանցում է CNN-ը, 21-ամյա մարզուհին սոցցանցում արած գրառմամբ հրաժեշտ է տվել իր երկրին և ցավակցություն հայտնել: «Ես մեկն եմ միլիոնավոր կանանցից, որոնց տարիներ շարունակ ճնշում են Իրանում»,- գրել է մարզուհին:
Ալիզադեհը դարձել է առաջին իրանուհին, որը թաեքվանդոյի բրոնզե մեդալի է արժանացել 2016-ի Օլիմպիական խաղերում՝ հանդես գալով 57 կգ քաշային կարգում:
Մարզուհին, որը հայրենիքում հայտնի է «Ցունամի» մականունով, հայտարարել է, որ երկրից հեռանում է խստորեն դատապարտելով Թեհրանի իշխանություններին:
«Նրանք տարել են ինձ ուր ցանկացել են: Ես կրել եմ այն, ինչ նրանք ցանկացել են: Կրկնել եմ յուրաքանչյուր նախադասություն, որ ինձ հրամայել են ասել: Երբ հարկ էին համարում, շահագործում էին ինձ: Ես կարևոր չէի նրանց համար, մեզանից ոչ ոք կարևոր չէր, մենք ուղղակի գործիք էինք»,- հավելել է Ալիդազեհը՝ պարզաբանելով, որ իրեն միշտ քննադատել են իր ընտրած մարզաձևի համար:
Մարզուհին ասել է, որ այդ որոշումն ավելի դժվար է տրվել իրեն, քան օլիմպիական մեդալը: «Ես շարունակում եմ լինել Իրանի դուստրը, որտեղ էլ գտնվեմ»,- ասել է նա:










