Փաշինյանի իշխանության օրոք նորմալ է դառնում ԶԼՄ-ներին «սևերի» և «սպիտակների» բաժանելը, «թշնամի» հռչակված լրատվամիջոցների վրա հարձակումները, վարկաբեկման փորձերը. Անի Հովհաննիսյան

21:35 • 12.01.20

Analitik.am կայքի հիմնադիր Անի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԶԼՄ-ների վրա գործադրվող ճնշումներին: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի ԶԼՄ ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ իրականացված հետապնդումներից քաջատեղյակ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հույս ունեի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից կարելի էր սպասել ամեն ինչ, բացի ԶԼՄ ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները, քանի որ գործ ունենք մարդու հետ, ով շատ լավ պետք է հասկանար, ինքն իր մաշկի վրա զգացած լիներ ԶԼՄ-ներին հետապնդելու ծանր հետևանքները, ինչպես նաև անթույլատրելիությունը։

Ցավոք, ականատես ենք լինում մի վիճակի, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք արդեն նորմալ է դառնում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ տարաբնույթ հետապնդումները, ԶԼՄ-ներին սևերի և սպիտակների բաժանելը, յուրային ու թշնամի լրագրողներ առանձնացնելը, թշնամի հռչակված ԶԼՄ-ների վրա հարձակումները, վարկաբեկման փորձերը և այսպես շարունակ։ Այս վիճակի միակ պատասխանատուն հենց Նիկոլ Փաշինյանն է, ով պետք է վերջապես կողմնորոշվի՝ ինքն ո՞ւմ վարչապետն է, ո՞ւմ անվտանգության երաշխավորն է՝ իրեն ընտրած մարդկա՞նց, թե՞ բոլորի:

Եթե ինքն իրեն չի համարում ՀՀ բոլոր քաղաքացիների, ԶԼՄ-ների՝ այդ թվում «ամենասև» ԶԼՄ-ների ազատության և անկախության երաշխավոր, այլ հետապնդելու է կամ էլ աչք է փակելու հետապնդողների վրա, ապա պետք է հասկանալ այդ դեպքում, ինչո՞ւ է, օրինակ, այդ ԶԼՄ-ն կամ քաղաքացին հարկ վճարում, եթե այդ հարկը ծախսող իշխանությունը փաստացի չի ընդունում, որ պարտականություն ունի այդ քաղաքացու, ԶԼՄ-ի հանդեպ»,- գրել է նա: