Վարչապետի աշխատակազմի ՊՈԱԿ է վատացել՝ FIP.am-ի կողմից ԶՈւ-ում զոհերի պատմական մինիմումի պնդման սխալի պարզումից հետո. ակնկալում ենք հերքում կամ ստիպված հարցը կլուծենք դատական կարգով. Դ. Իոաննիսյան
Վարչապետը սխալ պնդում է անում Զինված ուժերում մահացության թվի մասին, թե իբր արձանագրվել է զոհերի պատմական մինիմում: Ընդ որում, տեղեկությունը թե՛ պաշտոնականին և թե՛ ոչ պաշտոնականին է հակասում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը:
«Վարչապետի աշխատակազմի ՊՈԱԿ է վատացել: Մեր «Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am-ը) պարզում է, որ պնդումը սխալ է ու այդ մասին նյութ է գրում: Եվ ահա, վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության» ՊՈԱԿ-ը (որ որոշել է, որ պիտի «Ճշտի նախարարության» ֆունկցիա կատարի), առանց հերքելու FIP.am-ի ճիշտ լինելու փաստը, իրեն այսպիսի վերնագիր է թույլ տալիս՝ «Բանակում զոհերի թվի մասին վարչապետի հրապարակումը հիմնված է պաշտոնական աղբյուրների վրա, իսկ FIP.am-ի տվյալները հակասում են իրար»: Իսկ նյութն ավելի աբսուրդային է»,- գրել է Դանիել Իոաննիսյանը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ակնկալում է, որ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը նյութի վերնագիրը կհերքի: Հակառակ պարագայում, ՀԿ ծրագրերի ղեկավարը խոստանում է հարցը լուծել դատական կարգով:
«ՊՈԱԿ-ի հարգելի բարեկամներ, գնացեք ու գտեք ձեզ: Ժողովրդավարական երկրում դուք, այդ ֆունկցիաների սահմաններում, պիտի գոյություն չունենաք: Ակնկալում ենք ՊՈԱԿ-ի այս նյութի վերնագրի հերքում և հետագայում հանրային ռեսուրսի հաշվին իշխանության տարածած ապատեղեկատվությունները քողարկող նյութերի չհրապարակման երաշխիքներ: Հակառակ պարագայում ստիպված կլինենք վերանայել մեր մոտեցումը ՊՈԱԿ-ի նկատմամբ և, հավանաբար, հարցը լուծել դատական կարգով»,- նշված է գրառման մեջ:
Դանիել Իոաննիսյանը գրառմանը կից հրապարակել է նաև ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահացության դեպքերի տվյալները՝ ըստ ՊՆ-ի, Դատախազության և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Այսինքն, մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»:
Ավելի ուշ ֆեյսբուքում գրառում էր կատարել նաև գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը և հայտնել, որ 2019 թվականին Հայաստանի և Արցախի զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 22 տոկոսով. «ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2019 թ. ընթացքում արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք»,- գրել էր Աբրահամյանը:
Ուսումնասիրելով վերջին տասնամյակում Հայաստանի և Արցախի զինված ուժերում մարտական և ոչ մարտական կորուստների վերաբերյալ տվյալները՝ պարզ է դառնում, որ եղել են տարիներ, երբ բանակում զոհերի թիվը եղել է 49-ից ցածր: Օրինակ՝ 2013-ին ըստ ՊՆ-ի և Զինդատախազության տվյալների՝ գրանցվել է 30 մահացության դեպք, 2014 թվականին՝ 45:










