Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հերքել է հակակառավարական ցույցին մասնակցելու լուրը

16:50 • 12.01.20

Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբ Մաքեյրը հերքել է Թեհրանում հակակառավարական ցույցերին մասնակցելու լուրը՝ համապատասխան գրառում անելով իր պաշտոնական թվիթերյան էջում:

«Կարող եմ հաստատել, որ որևէ ցույցի չեմ մասնակցել»,-գրել է դիվանագետը՝ մանրամասնելով, որ մասնակցել է Իրանի իշխանությունների հարվածի հետևանքով օրեր առաջ կործանված օդանավի 176 զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված արարողությանը:

«Նորմալ է, երբ ցանկանում ես հարգանքի տուրք մատուցել զոհվածներին, որոնց մի մասը բրիտանացի էին: Երբ մարդիկ սկսեցին կարգախոսներ բղավել, հինգ րոպե անց ես հեռացա»,-հավելել է դեսպանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մաքեյրը ձերբակալվել է հակակառավարական ցույցին մասնակցելու համար և ավելի քան մեկ ժամ ոստիկանական բաժանմունքում պահվել:

Միացյալ Թագավորության արտաքին հարցերով նախարար Դոմինիկ Ռաաբը հայտնել էր, որ դեսպանին ձերբակալել են առանց որևէ բացատրության, ինչը նա բնորոշել էր որպես միջազգային իրավունքի «կոպիտ խախտում»: 

Հիշեցնենք, որ Թեհրանում նախօրեին հակակառավարական ցույցեր են մեկնարկել. ցուցարարները պահանջում էին երկրի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի հրաժարականը: Իրանցիների այս պահանջը պայմանավորված է հունվարի 8-ին տեղի ունեցած ավիավթարով, որի հետևանքով 176 մարդ էր զոհվել: 

Իրանի իշխանությունները նախօրեին խոստովանել էին, որ «Ուկրաինական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը սխալմամբ խոցվել է իրանական հրթիռով: