Ծննդատները փակվում են բուժհիմնարկներին դժվարամատչելի հետազոտությունների համար ֆինանսավորելու նպատակով. ՄՌՏ-ի համար ուղղորդում են ՄԻՊՍ, որի ղեկավարը Ա. Թորոսյանի կինն է․ Ն. Ավանեսյան

13:11 • 13.01.20

Ծննդատների փակումն անձնական շահ է հետապնդում, ուրիշ ինչի՞ համար են պատերազմող երկրում ծննդատներ փակում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց բժշկուհի Նունե Ավանեսյանը։

Նունե Ավանեսյանն առաջին հերթին ներկայացրեց, որ Մարալիկի ծննդատան փակվելու հետ կապված «Մեդիա կենտրոն»-ում  պետք է բանավեճ կայանար, սակայն բանավեճի սկսվելուց մեկ ժամ առաջ նրան ասել են, որ այն չի կայանալու, մինչդեռ, իր խոսքով՝ բանավեճը կայացել է, սակայն նրան չեն հրավիրել։ «Խնդիրն այն էր, որ եթե ես գնայի այդ բանավեճին, ապա ես պետք է փաստեր ներկայացնեի, ինչը, երևի, պետական ապարատին ձեռնտու չէր»,- ասաց նա։

Ծննդատների փակման ծրագիրը, ըստ Ավանեսյանի՝  Արսեն Թորոսյանի և փոխնախարար Արտյոմ Սմբատյանի կողմից է մշակվել: Նա մասնավորապես նշեց, որ Սմբատյանն իր ֆեյսբուքյան էջում հստակ գրել էր, որ ծրագիրն իր կողմից է մշակվել և ծրագրի էությունն այն է, որ ծննդատան ֆինանսավորումն այլ կողմ է ուղղվում։

«Երեկ պարզ դարձավ, որ այն բոլոր ինը բուժհիմնարկները, որտեղ ծննդատները փակվում են, փոխարենը ստանալու են դժվարամատչելի հետազոտությունների համար ֆինանսավորում։ Օրինակ՝ Մասիսի բժշկական կենտրոնին 80 մլն դրամ տրամադրելը՝ որպես դժվարամատչելի հետազոտությունների ֆինանսավորում, ինձ համար շատ առեղծվածային է։ Դրա բացատրությունն այն է, որ դժվարամատչելի հետազոտության մեջ մտնում է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ)»,- ասաց նա և հավելեց, որ ՄՌՏ-ի համար ուղղորդում են ՄԻՊՍ, որի ղեկավարը Արսեն Թորոսյանի կինն է։

«Կա մեկ խնդիր ևս. Առողջապահության նախարարության Մայրական և վերականգնողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը հայտարարում է՝ մահը ցուցանիշ չէ, Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանն ասում է, որ այնտեղ բաժանմունք չկա, կան ծննդաբերական մահճակալներ։ Եթե այդպես է, ինչ հիմքով են այդ ծննդաբերական մահճակալները ֆինանսավորվել»,- նշեց Ավանեսյանը։

Ըստ Նունե Ավանեսյանի՝ նման հայտարարություն անողները չեն պատկերացնում, որ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածում ասում է՝ մարդը գերագույն արժեք է և ժողովրդին ապակենտրոնացնում են և ժողովուրդը չի կարողանում հասկանալ, թե ծննդատների փակման պատճառը որն է։

Նունե Ավանեսյանի խոսքով՝ ծննդատների փակվելը շատ խնդիրներ կբերի, քանի որ շատ սահմանամերձ և պատերազմական գոտում գտնվող գյուղերում կանանց հիվանդանոց հասցնելը դժվար կլինի։ Հիշեցնելով Արսեն Թորոսյանի այն հայտարարությունը, որ պետք է ուժեղացնել շտապ օգնության ծառայությունը՝ Ավետիսյանը նշեց, որ համայնքների հեռավորությունը ծննդատներից մեծ է, որի արդյունքում մայրական մահեր կարող են գրանցվել։