Ադրբեջանում հայերի կրած վնասների խնդիրը պետք է դրվի բանակցային սեղանին, ոչ թե խոսվի «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի», այլ կես միլիոն ադրբեջանահայ համայնքի ոտնահարված իրավունքների մասին. Գ. Այվազյան

11:04 • 13.01.20

Ադրբեջանում հայերի ցեղասպանությունը ուղիղ ապացույցն է, որ ադրբեջանցի թուրքերի և արցախահայերի՝ մեկ պետության սահմաններում համատեղ խաղաղ գոյակցությունն անհնար է: Այս մասին այսօր՝ Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը:

«Այն, ինչը տեղի է ունեցել Բաքվում, Ադրբեջանի ղեկավարության կողմից նախապատրաստած ծրագիր էր: Նրանք նախ փորձում էին Բաքուն ազատել հայերից, հետո այդ ցեղասպանական մեքենան տեղափոխել Արցախ: Մոտ 500 հայ ողջակիզվեց ամենադաժան ձևերով, և այդ երկիրը հիմա փորձում է ինչ-որ կարգավիճակ առաջարկել, բարբաջել տարածքային  ամբողջականության վերաբերյալ այն պարագայում, երբ սեփական խաղաղ քաղաքացիներին իրենց մայրաքաղաքում մորթի նախաձեռնողն են եղել»,- նշեց Գրիգորի Այվազյանը:

Նրա տեղեկացմամբ՝ պաշտոնական վիճակագրությամբ Ադրբեջանում ապրել են կես միլիոն հայեր, իսկ միայն Բաքվում մոտ 250 հազարից ավելի: Սումգայիթի, Բաքվի և Գանձակի  (Կիրովաբադ) ջարդերից հետո Ադրբեջանից Հայաստան է ներգաղթել մոտ 404 հազար հայ:

Գրիգորի Այվազյանը նշում է, որ Խորհրդային Հայաստանն այս գործողությունները մի քանի անգամ ճանաչել է որպես ցեղասպանություն, և կարծում է, որ նորանկախ Հայաստանը պետք է վերահաստատի նախկինում ընդունված դիրքորոշումները:

«Դա կլինի լավագույն լուծում: Ադրբեջանահայության հիմնախնդիրը, իհարկե, պետք է դառնա բանակցային սեղանի քննարկման առարկա: Այսինքն, Ադրբեջանում հայերի կրած զրկանքները՝ բարոյական, նյութական, տարածքային վնասների խնդիրը պետք է դրվի բանակցային սեղանին: Ոչ թե խոսվի, այսպես կոչված, Ղարաբաղի ադրբեջանական համայնքի, այլ կես միլիոնանոց ադրբեջանահայ համայնքի ոտնահարված իրավունքների մասին, որը փաստացի այս 30 տարիների ընթացքում ստվերում է մնացել: Ճիշտ օգտագործման պարագայում դա զուտ հումանիտար հարց չէ: Կարող է մեր երկրի համար բերել բաղձալի լուծումներ, որոշումներ»,- նշեց Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավարը: